Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/255

Այս էջը հաստատված է

Կատու

Բոլոր ընտանի կատուներն առհասարակ նման են իրար, թեև մարդիկ բուծել են նոր ցեղեր, սիբիրական՝ խոշոր ու փափկամազ, անգորական շատ նուրբ ու փարթամ մազածածկով, սիամական՝ հարդավարդագույն երանգով, երկնագույն աչքերով և մուգ նշաններով, ասես դունչը, պոչն ու չորս թաթերը թաթախել են մուգ շագանակագույն տուշի մեջ, և այն ծծվել տարածվել է, ինչպես ծծանի վրա։

Կա, նույնիսկ, կարճապոչ կատուների ցեղ, որոնք, ճիշտ լուսանի նման, ականջների ծայրին վրձնանման մազափնջեր ունեն։

Բոլոր կատուներն էլ հիանալի որսորդներ են։ Ուշադիր հետևեցեք ընտանի կատվին։ Չնայած նա երկար ու ձիգ տարիներ ապրել է մարդու կողքին, բայց իր վայրի սովորությունները չի կորցրել։ Ինչպիսի ճարպկությամբ է փիսիկը որսում թելի ծայրին կախված կծիկը։ Նախ պահ է մտնում, ապա գաղտագողի մոտենում է, ակնթարթորեն ցատկում, և կծիկն արդեն նրա ճանկերում է։ Կատուների ճանկերը ներքաշվող են. գաղտագողի մոտենալիս նրանք ճանկերը հավաքում են փոքրիկ բարձիկների մեջ, բայց, վա՜յ, եթե խրեն որսի մարմնի մեջ. նա այլևս դուրս չի պրծնի այնտեղից։ Խաղալիս կատուն հազվադեպ է գործի դնում ճանկերը, պաշտպանվում է միայն փափուկ, «թավշե» թաթերով, բայց եթե զայրացնե՜ս... Մի՛ նեղանա, ինքդ ես մեղավոր։

Ընտանի կատուները շատ նման են իրենց վայրի ցեղակիցներին՝ շերտավոր վագրին, արքայական առյուծին։ Նրանք միևնույն՝ կատվազգիների ընտանիքից են։ Ընտանի կատուն երկար ու փառավոր պատմություն ունի։ Երբ մարդիկ սկսեցին զբաղվել երկրագործությամբ, աշնան բերքի պաշարը պահում էին շտեմարաններում ու ամբարներում։ Բայց արի ու տես, որ այդ բերքի մի զգալի մասը առնետների ու մկների բաժին էր դառնում։ Նրանցից ազատվելու համար մարդն ընտելացրեց կատվին։ Հին Եգիպտոսում կատվին նույնիսկ սուրբ կենդանի էին համարում։

Ճիշտ է, կատուներն ապրում են մարդու կողքին, բայց որ նրան ծառայեին, ինչպես շունը, ներեցե՜ք, դա արդեն «կատվային օրենքներից» դուրս բան է։ Ինչպես վայրի անտառներում և մացառուտներում, կատուները որսի են դուրս գալիս երեկոյան