Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/259

Այս էջը հաստատված է

արդյունքները. հրապարակը ոգեշնչում է նրանց նոր գործերի ու սխրանքների։ 1941 թ. նոյեմբերի 7-ին, երբ ֆաշիստական բանակը Մոսկվայի մատույցներում էր, Կարմիր հրապարակում կայացավ կարմիր բանակի խստաշունչ շքերթ, որի մասնակիցները հենց այդտեղից գնացին պաշտպանելու մայրաքաղաքը։ Իսկ 1945թ հունիսի 24-ին հաղթանակած ռազմիկները Կարմիր հրապարակ եկան հաղթանակի շքերթի և Վ. Ի. Լենինի դամբարանի պատվանդանի ստորեզրին նետեցին ֆաշիստական ատելի սվաստիկայով դրոշները։ Բազմաթիվ կարևոր իրադարձությունների վկան է եղել Կարմիր հրապարակը։ Եվ դեռ կգրվեն նրա պատմության փառավոր շատ էջեր։


Կարմրակատար


Այս փոքրիկ թռչունը՝ կարմրակատարը, շատ պճնամոլն է։ Արուի ճակատն ու կոկորդը կարմիր են, սև թևերին վառ դեղին շերտեր ունի, մեջքը դարչնագույն է, իսկ կատարը, ծոծրակն ու սպիտակ այտերի եզրաշերտերը սև են։ Էգի գունավորումը նույնն է, միայն քիչ ավելի գունատ։ Կարմրակատարը Սովետական Միության տարածքում գտնվող անտառների ամենագեղեցիկ թռչուններից է։ Կարմրակատարը բնակություն է հաստատում նոսր անտառներում, ինչպես նաև զբոսայգիներում։ Բայց առանձնապես սիրում է պուրակներով ու անտառակներով, պտղատու մեծ այգիներով ու մոլախոտերի թփերով բաց տեղանք, ուր նա սնվում է։ Աշնանն ու ձմռանը կարմրակատարները քոչում են, բայց ոչ հեռու։ Մեր հանրապետության տարածքում տարածված կովկասյան կարմրակատարն այստեղ նստակյաց է։ Ձմռանը մեզ մոտ կարելի է տեսնել նաև սիբիրյան կարմրակատարի։ Կարմրակատարի բույնը գավաթանման, ճարտար մի «կառույց» է՝ պատրաստված սարդոստայնաձև ագուցված բարակ ցողուններից ու արմատներից։ Բնի ներսում փռված է ձիու մազի, բրդի ու փետուրների հետ խառը բույսերի մազմզուկ, իսկ դրսից այն պատված է մամուռով ու կեչու կեղևի կտորտանքով։ Բարձր ծառին այն չի էլ երևում։ Ծնողներն իրենց 4-6 ձագուկներին կերակրում են միջատներով, իսկ իրենք սընվում են սերմերով։ Վնասատու միջատներին, հատկապես լվիճներին, ոչնչացնելով կարմրակատարներն օգուտ են տալիս գյուղատնտեսությանը։

Կարպ

Ամբողջ երկրագնդում տարածված այս ձուկն ապրում է լճակներում ու լճերում։ «Կարպոս» հունարեն բառը նշանակում է «պտուղ»։ Զուր չէ, որ հույները նրան այդպես են անվանել, կարպերն արտակարգ պտղաբեր են։ Նրանց էգերը միանգամից ձվադրում են մի քանի հարյուր հազար ձկնկիթ։ Կարպերը դանդաղաշարժ են ու շատակեր։ Զարմանալի չէ, որ նրանք արագ են աճում։ Թեև կարպերը խոշոր ձկներ են (մինչև մի քանի կգ քաշով), այնուհանդերձ ընդարձակ տարածության կարիք չեն զգում։ Փոքր լճակում էլ կարող են ապրել շատ ու շատ կարպեր, միայն թե կեր լինի։ Կարպը ծածանի ընտանեցված, այսինքն՝ մարդու բուծած տեսակն է։ Երկար դարերի ընթացքում մարդիկ ստեղծել են կարպի զանազան ցեղեր՝ թեփուկավոր, հայելանման (սրանց մարմինը նոսր է պատված թեփուկներով) և «մերկ»՝ առանց մի հատիկ թեփուկի։ Այժմ կարպեր բուծում են շատ կոլտնտեսություններում ու սովետական տնտեսություններում (այդ թվում՝ նաև մեր հանրապետությունում)։