Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/260

Այս էջը հաստատված է

Կարտոֆիլ

Եվրոպայում կարտոֆիլը հայտնվել է հարավային Ամերիկայի հայտնադործումից հետո միայն։ Կողոպտած ոսկու և այլ գանձերի հետ եվրոպացիներն այնտեղից առագաստանավերով բերեցին մինչ այդ իրենց անհայտ բույսի պալարներ։ Երկար ժամանակ այն համարում էին բացառիկ ու նրբաճաշակ մի ուտելիք և մատուցում միայն հարուստ ընտանիքներում։ Կարտոֆիլը Ռուսաստան բերվեց Պետրոս Առաջինի օրոք։ Այդ ժամանակ կարտոֆիլի պալարները դառնահամ էին ու փոքր։ Խիտ տնկելու պատճառով դրանք ավելի փոքր էին ստացվում։ Երկար ժամանակ գյուղացիները հրաժարվում էին մշակել այդ «սատանայի խնձորը»։ Տեղի ունեցան անգամ հուզումներ, որովհետև գյուղացիներին ուժով ստիպում էին կարտոֆիլ մշակել։ Զինվորական ջոկատները ճնշում էին «կարտոֆիլային խռովությունները»։ Սակայն, հացահատիկի ցածր բերքը հարկադրեց ուշադրություն դարձնել այդ անքմահաճ ու բերքատու բույսին։ Այժմ կարտոֆիլն ամենատարածված մշակովի բույսերից է։ Կարտոֆիլ մշակում են մեր հանրապետության բոլոր շրջաններում։ Ստեղծվել է, նույնիսկ, կարտոֆիլի հայկական սորտ` Ստեփանավանի սորտը։

Կարտոֆիլը նաև հիանալի կեր է։ Նրանից ստանում են օսլա, մաթ, սպիրտ։

Կաքավ

Մեր հանրապետության շատ վայրերում, քարքարոտ լեռնալանջերին կամ դաշտերում կարելի է տեսնել սիգաճեմ, աղավնուց զգալիորեն խոշոր թռչունների։ Դրանք կաքավներն են, հայկական բնաշխարհին հարազատ թռչունները։ Կաքավների շատ տեսակներ կան, որոնցից մեզ մոտ բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը։ Քարակաքավը, ինչպես անունն է հուշում, ապրում է քարքարոտ ու ժայռոտ վայրերում։ Նրա ոտքերը, կտուցն ու աչքերի կոպերը կարմիր են, մարմինը` մոխրագույն, կողքերին՝ շիկավուն շերտեր, լայնակի դասավորված սև բծերով։ Շիկավուն է նաև պոչի փետուրների մի մասը։ Հոնքերը երիզված են սև շերտագծով, որը հասնում է մինչև ականջները։ Քարակաքավները ձագեր են ունենում տարին մեկ անգամ, մայիսից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակամիջոցում։ Նրանք գետնին, քարերի մեջ կամ թփերի տակ, բույն են հյուսում ու լավ քողարկում այն։ Ապա էգ քարակաքավն այստեղ 10-25 ձու է ածում և ինքն էլ հետո թուխս նստում։ Եվ ահա 23-25 օր անց ձվից դուրս են գալիս աղվամազոտ, շերտավոր ձագերը։ Նրանք այնքան նուրբ ու փոքր են լինում, որ անգամ ճպուռները նրանց կողքին անճոռնի ու մեծ են երևում։ Սակայն ձվից դուրս գալուց մեկ-երկու օր հետո արդեն ամուր կանգնում են ոտքերին և շուտով դուրս գալիս բնից ու մոր ուղեկցությամբ «գնում աշխարհ տեսնելու»։ Կարճ ժամանակ հետո նրանք սկսում են լրիվ ինքնուրույն կյանք վարել։ Մոխրագույն կաքավների գլուխն ու պոչի փետուրների մի մասը մուգ շեկ են, թևերի վրա կան թույլ պտեր, որովայնի հատվածում պայտանման շագանակագույն խոշոր բիծ։ Նրանք բնակվում են մեր հանրապետության լեռնային տափաստաններում, թփանման ծառատեսակների հարևանությամբ։ Հաճախ բնադրում են հացահատիկի ցանքատարածություններին մոտ։ Թխսելու համար դնում են 10-20 ձու։ Թուխս են նստում թե՛ արուն և թե՛ էգը։ Աղվամազոտ ձագերը ձվից դուրս են գալիս 24-25 օր