Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/261

Այս էջը հաստատված է

հետո։ Նրանց գույնը շրջապատից գրեթե չի տարբերվում։

Քարակաքավներն ու մոխրագույն կաքավները սնվում են սերմերով, հատիկներով, խոտաբույսերով, պտուղներով ու միջատներով։ Նրանք ապրում են զույգերով, իսկ աշնանը կազմում են երամներ։ Կաքավները վատ են թռչում, բայց դրա փոխարեն չափազանց գեղեցիկ, հպարտ է նրանց քայլքը։ Զուր չէ, որ ժողովրդի մեջ տարածված է «կաքավի պես շորորալ» արտահայտությունը։ Հին և միջնադարյան Հայաստանում մենապարողներին անվանում էին կաքավիչներ, իսկ նրանց պարահրապարակը` կաքավարան։ Հայկական մի շարք բնակավայրերի ու շինությունների անուններ ևս կապված են կաքավի հետ. օրինակ, Կաքավասար, Կաքավաձոր գյուղերը, դեռևս միջնադարյան Կաքավաբերդը։ Նրա մասին հյուսվել են շատ բանաստեղծություններ ու երգեր։ Բոլորդ էլ, հավանաբար, երգում եք Հովհ. Թումանյանի խոսքերով ստեղծված ժողովրդական երգը Կոմիտասի մշակմամբ.

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն` սարի ծերեն, Բարև բերավ ծաղիկներեն:
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Սիրունի՜կ, նախշուն կաքավիկ:

Ցավոք, կաքավների համեղ մսի պատճառով նրանց անխնա որսում էին, և այսօր մեր կաքավների թիվը խիստ պակասել է։ Ուրեմն, եկեք պաշտպանենք կաքավներին, որպեսզի այդ կարմրատոտիկ թռչունները շարունակեն զարդարել մեր բնությունը։

Կաքավների մասին դուք կարող եք կարդալ հետևյալ գրքերում.

Անանյան Վ., Որսորդական պատմվածքներ, Ե. 1977

Սեթոն-Թոմփսոն Է., Պատմվածքներ կենդանիների մասին, Ե, 1973:

Կեղծանուն

Անցյալ դարի երկրորդ կեսին հայ մամուլում հաճախ կարելի էր հանդիպել բանաստեղծությունների Գամառ-Քաթիպա ստորագրությամբ։ Ո՞վ էր Գամառ-Քաթիպան։ 1854 թվականից այդ անունով հանդես էին գալիս բանաստեղծ Ռափայել Պատկանյանը, Մնացական Թիմուրյանն ու Գևորգ Քանանյանը, որոնք հիմնադրել էին գրական մի ընկերություն և այն կոչել իրենց անուն-հայրանունների առաջին տառերից ու վանկերից կազմած անունով` Գամառ-Քաթիպա։ Այն բանից հետո, երբ 1857 թ. այդ ընկերությունը վերացավ, և նրանցից միայն Ռ. Պատկանյանը շարունակեց զբաղվել գրականությամբ, Գամառ-Քաթիպան դարձավ նրա կեղծանունը։

Նույն 19-րդ դարի կեսերին Ռուսաստանում հայտնվեց Կոզմա Պրուտկով անունով մի գրող։ Նրա գրվածքներն անսովոր էին։ Ինչի մասին էլ որ դատելու լիներ Կոզմա Պրուտկովը (իսկ նա շատ էր սիրում ծանր ու մեծ, խորիմաստ դատողություններ անել և, առանձնապես, խրատներ տալ), այնքան փքուն, այնքան պարծենկոտ էր ստացվում, որ ընթերցողները սրտանց ծիծաղում էին նրա վրա ու մտածում, թե տեսնես ով է այդ հիմար Կոզմա Պրուտկովը։

Մինչդեռ իրականում ոչ մի Կոզմա Պրուտկով էլ գոյություն չուներ։ Այդ մտացածին անվամբ մամուլում հանդես էին գալիս երեք երիտասարդ գրողներ` Ա. Մ. ու Վ. Մ. ժեմչուժնիկով եղբայրները և Ա. Կ. Տոլստոյը։ Հիմարությունը, սահմանափակությունն ու ինքնագոհությունը ծաղրելու համար նրանք հնարել էին կոլեկտիվ կեղծանուն՝ Կոզմա Պրուտկով։

Ահա մեկ այլ օրինակ։ Դուք, հավանաբար, տեսել եք Կուկրինիկսների հրաշալի ծաղրանկարներն ու գեղանկարչական գործերը։ Իմացեք, ուրեմն, որ Կուկրինիկսները սովետական նկարիչներ Մ. Վ. Կուպրիյանովի, Պ. Ն. Կռիլովի և Ն. Ա. Սոկոլովի կոլեկտիվ կեղծանունն է։ Կեղծանուն բառը հայերենում ունի ծածկանուն, գրչանուն, մականուն, սուտանուն հոմանիշները։

Կեղծանուններ, այսինքն՝ հորինած, մտացածին անուններ կրում են սովորաբար արվեստի մարդիկ՝ գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ, դերասաններ։

Ասենք, գրողին թվում է, թե իր ազգանունը ծիծաղելի է կամ անբարեհունչ, և նա իր գրքերն ստորագրում է կեղծանունով։ Դերասանի համար կարևոր է, որ իր անունը հեշտ արտասանվի, չէ որ այն հաճախակի է հնչում բեմահարթակից կամ ռադիոյով։ Իսկ եթե նա, հակառակի պես, այնպիսի ազգանուն ունի, որ միանգամից չի արտասանվո՞ւմ. ահա այս դեպքում նա ընտրում է ավելի հեշտ արտասանելի մի ազգանուն։ Պատահում է նաև, որ բանաստեղծը թաքցնում է իր բանաստեղծությունները՝ չուզենալով, որ բոլորն իմանան, թե ով է գրել։