Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/269

Այս էջը հաստատված է

Եթե ուզում եք ինքներդ որևէ կենդանի ընտելացնել, համբերատար եղեք։ Կենդանու վստահությունն աստիճանաբար է նվաճվում: Համբերությունը, բարությունն ու հետևողականությունն են միայն, որ կարող են հաղթահարել կենդանու բնազդային անվստահությունն ու վախը, թույլ չեն տա նրան դառնալու չափից ավելի ինքնակամ ու վտանգավոր։

Ընտելացման ամենահնագույն ու անսխալ եղանակներից է քաղցած կենդանուն կերակրելը։ Սակայն նույնիսկ կենդանու համար ամենագլխավորը սնունդը չէ։ Կա սովից ու հոգնածությունից, ցավից ու մահից ավելի զորեղ մի բան, այնպիսի մի ուժ, որը հավատարմության անխզելի կապերով կենդանուն կապում է մարդուն։ Սիրելի տիրոջը կորցրած կենդանին կարող է հրաժարվել սննդից ու մեռնել։ Նա ամբողջովին նվիրված է մարդուն և աշխատում է ոչ նրա համար, որ վախենում է պատժից կամ էլ պարգևի է սպասում։ Ֆրանսիացի գրող Սենտ էկզյուպերիի «Փոքրիկ արքայազնը» հրաշալի գրքում Աղվեսը Փոքրիկ արքայազնին ասում է.«...մի մոռանա, որ դու ընդմիշտ պատասխանատու ես բոլոր նրանց համար, ում ընտելացրել ես»։ Հիշեցե՛ք այդ խոսքերը։

Կենդանիների ձմեռում

Կենդանիների համար ձմեռը ծանր ժամանակ է՝ ցուրտ է, ուտելիքն էլ քիչ։ Սնունդ հայթայթելը դժվար է լինում ոչ միայն խոտակերների, այլև գիշատիչների համար։ Իսկ միջատակերների վիճակն է՜լ ավելի ծանր է. ձմռանը որտեղի՞ց միջատ գտնես։ Հազարամյակների ընթացքում կենդանիները հարմարվել են ձմեռելուն։ Շատ թռչուններ «սովորել» են ձմռանը չվել տաք երկրներ, իսկ մնացողները վարժվել են կեր հայթայթել նաև ձմռանը։ Այլ կերպ են ձմեռում գազանները։ Նրանցից շատերը ձմեռային քուն են մտնում և այն էլ ոչ սովորական. նրանք քնում են մի քանի ամիս շարունակ, գրեթե չարթնանալով, իսկ արթնացնելն էլ շատ դժվար է լինում։ Սովորական քնի ժամանակ կենդանիների բոլոր օրգանները նորմալ են աշխատում, իսկ ձմեռային քնի ընթացքում սիրտը բաբախում է դանդաղ ու թույլ, շնչում են թեթևակի, իսկ շատերի մարմնի ջերմաստիճանը, նույնիսկ, խիստ իջնում է։ Բայց անգամ այդ վիճակում օրգանիզմը որևէ սնունդ պետք է ստանա։ Անշուշտ, այո. և նա «սնվում է» աշնանը կուտակած ճարպի պաշարով։ Նորմալ աշխատող օրգանիզմն այդ պաշարը շատ արագ կսպառեր, իսկ դանդաղ, արգելակումով գործող