Նրա սիրած կերը փափկամորթ կաղամարներն են, որոնց որսալու համար կետը կարող է կիլոմետրի չափ սուզվել ջրի տակ և այնտեղ մնալ մեկ-երկու ժամ, այնքան որ մեծ են նրա թոքերը։ Բացի դրանից, նրա աջ ռունգը մակաճել ու վերածվել է մի հսկա պարկի՝ օդի պաշար կուտակելու համար։ Կաշալոտներ շատ կան ՍՍՀՄ-ի ափերը ողողող հեռավորարևելյան ծովերում։ Հյուսիսային ծովերում կան մեկ այլ տեսակի ատամնավոր կետեր՝ բևեռային դելֆիններ ու նարվալներ։ Երբ բևեռային դելֆինների հոտը հայտնվում է ափին մոտ, այնպիսի մի մռնչյուն է լսվում, որը ոչ մի բանի հետ չես համեմատի։ Նարվալների ատամները թերզարգացած են, բայց դրա փոխարեն կտրիչներից մեկը վերաճել է ժանիքի, որն ահեղ զենք է։ Բևեռային դելֆիններն ու նարվալներն ընդհանուր շատ գծեր ունեն դելֆինների հետ, և բոլորն էլ սնվում են ձկներով։ Ատամնավոր կետերից կետադելֆինները համեմատաբար մեծ չեն՝ 8-10 մ երկարություն ունեն։ Նրանք հարձակվում են փոկերի և ծովաշների վրա։ Սուր ատամներով կետադելֆինը պատառոտում է ավարը։ Նրանք նույնիսկ հարձակվում են իրենց բեղավոր անատամ ցեղակիցների վրա՝ ամեն կերպ աշխատելով պոկել անպաշտպան կենդանիների փափուկ ու պարարտ լեզուն։ Հսկաները կետադելֆինից փրկվելու համար երբեմն խուճապահար լողում են դեպի գետաբերաններ և նետվում առափնյա ծանծաղուտները։ Բեղավոր կետերի ենթակարգի մեջ են մտնում շերտավոր կետը, որի փորին կան երկայնակի ծալքեր, մոխրագույն կետերը՝ պարանոցի երկու-երեք ծալքով, և ողորկ կետերը։ Շերտավորների ընտանիքին է պատկանում աշխարհի ամենախոշոր կենդանին՝ կապույտ կետը։ Նրա երկարությունը մինչև 33 մ է, քաշը՝ մինչև 150 տոննա։ Այդպիսի կետը 50 փղից ծանր է։ Իսկ կետի նորածին ձագը ունենում է 6-8 մ երկարություն և ամեն կերակրման ժամանակ խմում է 100 լիտր կաթ։ Բեղավոր կետերն ահռելի երախ ունեն և, թվում է, ում կամենան, կուլ կտան։ Իրականում նրանք սնվում են պլանկտոնի փոքրիկ խեցգետիններով, և նրանց կերակրափողը շատ նեղ է։ Նրանց վերին ծնոտից կախ են ընկած երկու շարք եղջրավոր թիթեղներ՝ բեղերը։ Կետը բերանը լցնում է ջրով, ապա բեղերի միջով քամում, դուրս թափում ջուրը՝ բերանում պահելով խեցգետինները։ Մեկ օրվա մեջ կետն ուտում է 2-4 տոննա կեր։ Միայն «նախաճաշի» կամ «ճաշի» համար նրան հարկավոր է մեկ միլիարդ փոքրիկ խեցգետին։ Պատկերացնո՞ւմ եք, թե կշտանալու համար նա որքան է աշխատում։ Գարնանը բոլոր տեսակի կետերը լողում են դեպի ամառային «արոտավայրեր», որպեսզի սառը ջրերում ճարպ կուտակեն։ Աշնանը վերադառնում են տաք ծովերը՝ ձագեր ծնելու։ Իրենց թափառումների ընթացքում կետերը մինչև 10 հզ. կմ ճանապարհ են անցնում։ Կետեր որսում են շատ վաղուց։ Կիրառություն են գտնում նրա թե՛ միսն ու ճարպը, թե՛ ոսկորն ու կաշին։ Գեղձերից դեղանյութեր են պատրաստում։ Շատ թանկ են գնահատվում նաև կետերի բեղերը։ Կետերի անմիտ ոչնչացման հետևանքով նրանց հոտերը խիստ նվազել են, այդ պատճառով էլ այժմ կետերի որսը շատ սահմանափակ է։
Կթվորուհի
Եթե կինը տակավին վաղնջական ժամանակներում չկռահեր կթել այծն ու կովը, մատակ գոմեշն ու ոչխարը, մեր սեղանին չէին լինի ոչ կարագն ու պանիրը, ոչ կաթնաշոռն ու կաթը։