...Վաղ առավոտ է։ Կոլտնտեսային գյուղը դեռ քնած է։ Բայց ահա միանգամից լուսավորվեցին մի քանի պատուհան, հետո էլ դռներ ճռռացին։ Փողոցում լսվեցին ձայներ։ Կթվորուհիներն են, որ շտապում են կիթի։ Գյուղում նրանք առաջինն են արթնանում։ Շատ հոգսեր ունեն նրանք։ Պետք է մաքրել ու ջուր տալ կովերին, օրը երեք անգամ կթել, կթելուց առաջ էլ մաքուր լվանալ ամեն մի կովի կուրծը։ Հազարամյակներ շարունակ կովերին ձեռքով էին կթում` պպզած կամ ծնկած։ Աշխատանքի վերջում ձեռքերն այնպես էին թմրում, ասես հարյուրավոր կիլոգրամ բեռ էին կրել։ Այժմ կթվորուհուն օգնության են եկել մեխանիզմները` ինքնախմոցներն ու ավտոմատ մսուրները և, նույնիսկ, էլեկտրական կովկիթ մեքենաները։ Մեր երկրի որոշ տնտեսություններում կովերը կթում են շարժական կովկիթ մեքենաներով, ուրիշ տնտեսություններում էլ կառուցում են հատուկ կովկիթ տեղակայանքներ՝ «կարուսելներ», «եղևնիներ»։ Կովերը շարքով մտնում են շենք, կանգնում մսուրների առջև։ Կթվորուհիները կովերի կուրծին հագցնում են կովկիթ հարմարանքը։ Աղմկել են սկսում շարժիչները։ Եվ քանի դեռ կովերը «նախաճաշում», «ճաշում» և «ընթրում» են, կաթը խողովակներով հոսում է պահեստավորման բաքերը։ Այժմ յուրաքանչյուր կթվորուհի խնամում է 30, 50 և ավելի կով։ Ամեն տարի Մոսկվայում, ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում, լավագույն կթվորուհիները ցուցադրում են իրենց «սաներին» ու իրենց հմտությունը։ Նրանց վարպետությունը բարձր է գնահատվում, իսկ լավագույններին շնորհվում է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ Պատվավոր է կթվորուհու մասնագիտությունը։ Մեր շատ կթվորուհիների կրծքին շողշողում են մեդալներ ու շքանշաններ։
Կիևյան Ռուսիա
Այդպես են անվանում ռուսների, ուկրաինացիների և բելոռուսների նախնիների՝ արևելյան սլավոնների, առաջին պետությունը։ 6-8–րդ դարերում այդ երեք ժողովուրդներն առանձին-առանձին դեռևս չկային։ Կար հին ռուսական մի ժողովուրդ, որը բնակվում էր Բալթիկ ծովից մինչև Սև ծովն ընկած տարածքում։ Նրա կազմի մեջ մտնում էին սլավոնական տարբեր ցեղեր, որոնք ունեին գրեթե նույն լեզուն ու սովորույթները։ Նրանք հիմնականում երկրագործներ էին, պահում էին նաև անասուններ, զբաղվում որսորդությամբ, ձկնորսությամբ, հավաքում վայրի մեղր։ Սլավոնական հարուստ հողերը հաճախ ասպատակում էին թշնամիները, և սլավոնները, միավորվելով, քաջաբար պաշտպանում էին իրենց հայրենի երկիրը։ Թշնամիների դեմ մղած մարտերից նրանք հաճախ վերադառնում էին ռազմավարով, որը նախ բաժին էր ընկնում ռազմական առաջնորդներին։ Էլ ավելի հարստանալու համար ցեղերի առաջնորդներն իրենք ևս կազմակերպում էին արշավանքներ, և դրանից ամենից առաջ տուժում էին հասարակ մարդիկ՝ երկրագործները՝ ստիպված կտրվելով իրենց տնտեսական հոգսից ու գործից։ Հարուստ մարդիկ գնալով ավելի շատ չքավոր ցեղակիցների էին ենթարկում իրենց, հետզհետե ուժեղանում էր ռազմական առաջնորդների՝ իշխանների, ազդեցությունը։ Սլավոնների երկրով անցնում էր Հյուսիսային Եվրոպայից դեպի Արևելքի երկրները տանող ջրային մեծ ուղի, որն անվանում էին «վարյագներից դեպի հույները», այսինքն՝ Սկանդինավիայից դեպի Բյուզանդիա։ Այդ ուղու երկայնքով հիմնադրվում էին մեծ քաղաքներ, ուր հանգրվանում էին վաճառականները։ Այդ քաղաքներում ապրում էին նավեր նորոգող արհեստավորներ, իսկ շրջակա գյուղերի գյուղացիները սննդամթերք էին բերում վաճառելու։ Քաղաքները նաև թշնամիների հարձակումներից բնակչությանը պաշտպանելու կենտրոններ էին։ Այստեղ զենք էին պատրաստում, շուրջը կառուցում ամրություններ։ Հին Ռուսիայում քաղաքներ շատ կային, որոնցից ամենախոշորները գտնվում էին առևտրական մեծ ճանապարհների վրա։ Գլխավոր քաղաքը Կիևն էր, որն անվանում էին ռուսական քաղաքների մայր՝ մայրաքաղաք։ Իսկ ամբողջ երկիրը կոչվում էր Կիևյան Ռուսիա։ Կային նաև ուրիշ խոշոր քաղաքներ՝ Նովգորոդը, Սմոլենսկը։ 882 թ. Կիևի իշխան Օլեգը միավորեց ռուսական բոլոր հողերը, և այդ ժամանակից էլ սկիզբ դրվեց ռուսական պետությանը։ Շուտով Կիևյան Ռուսիան դարձավ Եվրոպայի՝ ժամանակի ամենախոշոր տերություններից մեկը։ Լեհաստանը, Չեխիան, գերմանական պետությունները, Սկանդինավիան, Մերձբալթիկան և հատկապես