Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/282

Այս էջը հաստատված է

մասին», «Մարդու ճակատագիրը», «Թռչում են կռունկները», «Կոմունիստը», «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարները, արժանացել են համաշխարհային ճանաչման։ Սովետական Միությունում և նրա սահմաններից դուրս բարձր են գնահատվել «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծված «Պեպո», «Նամուս», «Նռան գույնը», «Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Նահապետ», «Կտոր մը երկինք» և այլ կինոնկարներ։

Կիսահաղորդիչներ

Մետաղները լավ են հաղորդում էլեկտրական հոսանքը, նրանք հաղորդիչներ են։ Իսկ ապակին կամ ճենապակին հոսանք չի հաղորդում. նրանք մեկուսիչներ են։

Բայց կան այնպիսի նյութեր, որոնք հոսանքն ավելի վատ են հաղորդում, քան մետաղները, և ապակու կամ ճենապակու պես էլ անհաղորդիչ չեն։ Այդ նյութերը կիսահաղորդիչներն են, որոնք ունեն շատ կարևոր մի հատկություն, տաքանալիս կամ լույսի ազդեցությամբ նրանք հոսանքն ավելի լավ են հաղորդում, քան սառը վիճակում կամ մթության մեջ։

Ինչո՞ւ են մետաղները հոսանքը լավ հաղորդում։ Պատճառն այն է, որ մետաղի ատոմները հեշտությամբ «ազատ են արձակում իրենց էլեկտրոնները։ Սրանք մետաղի ներսում շարժվում են անկանոն, ինչպես փոշեհատիկներն արևի շողում։ Սակայն, եթե մետաղե հաղորդալարին միացնենք էլեկտրական մարտկոց, ապա էլեկտրոնները կսլանան մի ուղղությամբ, ինչպես օդափոխիչից դուրս մղվող օդի հոսքի մեջ ընկած փոշեհատիկները։

Իսկ մեկուսիչը հոսանք չի հաղորդում, որովհետև նրա բոլոր ատոմներն ամուր պահում են իրենց էլեկտրոնները։ Ազատ էլեկտրոններ չկան, հետևաբար, չկա նաև հոսանք։ Կիսահաղորդիչում էլեկտրոններն ատոմի հետ ավելի թույլ են կապված, քան մեկուսիչում։ Կիսահաղորդչի ատոմից էլեկտրոնները կարող են պոկվել ճիշտ այնպես, ինչպես խնձորները խնձորենուց, երբ թափահարում են նրա ճյուղերը։ Ատոմները ևս, էլեկտրոնների նման, տատանվում են, հարվածում միմյանց։ Ջերմաստիճանի բարձրանալուն զուգընթաց աճում է ատոմների հարվածի ուժը։ Հայտնվում են ավելի մեծ թվով ազատ էլեկտրոններ, և կիսահաղորդիչն ավելի լավ է հաղորդում հոսանքը։ Լույսը կիսահաղորդիչների վրա նույն ազդեցությունն է ունենում, ինչ որ ջերմությունը։

Կիսահաղորդիչներից պատրաստում են հիանալի սարքեր` կիսահաղորդչային դիոդներ ու տրանզիստորներ։ Դիոդներն ունեն հոսանքը մի ուղղությամբ հաղորդելու և հակառակ ուղղությամբ չհաղորդելու հատկություն, իսկ տրանզիստորները կարող են հարյուրավոր անգամ ուժեղացնել էլեկտրական ազդանշանները։ Այս հատկությունների շնորհիվ կիսահաղորդչային սարքերն անփոխարինելի են դարձել գրպանի ռադիոընդունիչներում, դյուրակիր մագնիտոֆոններում, փոքրածավալ հեռուստացույցներում, էլեկտրանվագարկիչներում։ Բարդ սխեմաներով միացված հարյուր հազարավոր դիոդներ ու տրանզիստորներ աշխատում են էլեկտրոնային հաշվողական մեքենաներում։

Կիրգիզիա

(Կիրգիզական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն)

Սովետական Միության ասիական մասի հարավում է գտնվում ամենաբարձրալեռնային սովետական հանրապետություններից մեկը՝ Կիրգիզական ՍՍՀ-ն: