Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/283

Այս էջը հաստատված է

Այստեղ հարյուրավոր կիլոմետրերով ձգվում են Տյան Շանի լեռները, իր ձյուներով փայլփլում է Հաղթանակի պիկ լեռնագագաթը։ Իսկ միջլեռնային կիրճերով ու գոգավորություններով, հսկայական քարեր գլորելով, սրընթաց վազում են հորդառատ ու աղմկոտ գետերը։ Երբ քայլում ես լեռնաշղթայի լանջն ի վար, ասես ճանապարհորդում ես հյուսիսից դեպի հարավ։ Հյուսիսը լեռնագագաթների հավերժական ձյուներն են ու սառցադաշտերը։ Նրանցից ցած հյութալի խոտով ու վառ, գույնզգույն ծաղիկներով ալպիական մարգագետիններ են, որոնք հիանալի ամառային արոտավայրեր են ոչխարների ու այծերի համար։ Ավելի ներքևում դուք հայտնվում եք տյանշանյան բարձր ու սլացիկ եղևնու, եղևինի, արոսու, կեչու, գիհու խիտ անտառներում։ Սովետական Միության տարածքում ոչ մի տեղ ընկուզենու այդքան շատ անտառներ չկան, ինչպես Կիրգիզիայում։ Վերջապես, լեռների ստորոտներին և նախալեռներին տարածվում են չոր տափաստանները, կիսաանապատները, որոնք կանաչ են հագնում կարճ ժամանակով, միայն վաղ գարնանը։ Հանրապետության բնակչության մեծ մասն ապրում է Չուի, Ֆերգանայի, Տալասյան և մյուս միջլեռնային հովիտներում։ Այստեղ հողերը բերրի են, գետերն ավելի հանդարտ են հոսում, կարելի է զբաղվել ոչ միայն անասնապահությամբ, այլև երկրագործությամբ։

Մինչև հեղափոխությունը հիմնական բնակիչները` կիրգիզները, զբաղվում էին գլխավորապես անասնապահությամբ, պահում էին ոչխարներ, կովեր, ուղտեր, փոքր, բայց դիմացկուն ձիեր։ Անասուններրն արոտավայրից արոտավայր էին քշում կլոր տարին։ Հոտերի հետ տեղից տեղ էին փոխադրվում նաև ամբողջ ընտանիքներ` թե՛ մեծ, թե՛ փոքր։ Նրանց կացարանը յուրդն էր` ձողերից պատրաստված հրմնակմախքով թաղիքապատ վրանը։ Միայն որոշ վայրերում, այստեղ վերաբնակեցված ռուսների և ուկրաինացիների օգնությամբ, կիրգիզները սովորել էին մշակել հողը, հացահատիկ ցանել, զբաղվել բանջարաբուծությամբ ու այգեգործությամբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունը և սովետական իշխանությունը նոր կյանք պարգևեցին կիրգիզ աշխատավորությանը։ Նախկին աղքատ քոչվորներն աստիճանաբար վեր էին ածվում ունևոր կոլտնտեսականների, ձեռք բերում մասնագիտություններ, շատերը դարձան ինժեներներ, գիտնականներ, բժիշկներ։ Հանրապետությունում արագ թափով զարգանում էին արդյունաբերությունը, գիտությունը, ծաղկում էր նախկինում հետամնաց ժողովրդի մշակույթը։ Կիրգիզիայում այսօր էլ զարգացած է անասնապահությունը։ Հանրապետությունը հռչակված է ոչխարի նրբագեղմ հիանալի բրդով, կաթնատու կովերով, արագաշարժ ու դիմացկուն հեծկան ձիերով։ Հանրապետության ամենախիտ բնակեցված վայրերում՜ գետահովիտներում, ծփում են հացահատիկի ընդարձակ, ոսկեզօծ դաշտերը, կանաչին են տալիս շաքարի ճակնդեղի ցանքերը, բամբակենու պլանտացիաները։ Կան խնձորի, տանձի, ծիրանի շատ այգիներ։