Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/285

Այս էջը հաստատված է

ապատիտի հանքավայրերի մշակումը, մետալուրգիական և այլ գործարանների, բնակելի նոր շենքերի կառուցումը, կոլտնտեսությունների կազմակերպումը։ Կիրովը ջանք չէր խնայում մեր բազմազգ երկրի ժողովուրդների բարեկամության ամրապնդման, կուսակցության շարքերի համախմբման գործում։ Նա զգայուն և ուշադիր վերաբերմունք էր ցուցաբերում մարդկանց հանդեպ, մշտապես հոգ էր տանում նրանց կյանքի ու կենցաղի բարելավման մասին։ Բոցաշունչ հռետոր, Վ. Ի. Լենինի հավատարիմ աշակերտ, կուսակցության գործին անսահմանորեն նվիրված Ս. Մ. Կիրովը վայելում էր սովետական ժողովրդի սերն ու հարգանքը։

Նա ծանոթ էր հայ ժողովրդի պատմությանը, դատապարտել է հայկական ջարդերը Թուրքիայում։ Նպաստել է սովետական իշխանության հաստատմանն ու սոցիալիստական շինարարության ծավալմանը Հայաստանում։ Նրա անունով է կոչվում մեր հանրապետության երրորդ քաղաքը` Կիրովականը։

Սերգեյ Միրոնովիչ Կիրովը մեր հիշողության մեջ ընդմիշտ կմնա որպես ազնիվ ու մաքուր հոգու տեր, համեստ մի մարդ, սրտացավ ու զգայուն՝ ընկերների, անհող- դողդ ու անողոք՝ հեղափոխության թշնամիների հանդեպ։

Կիրովական

Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Տանձուտ և Փամբակ գետերի միախառնման վայրում է գտնվում մեր հանրապետության երրորդ խոշոր քաղաքը՝ Կիրովականը, շուրջ 150 հզ. բնակչությամբ։ Հնագիտական պեղումներից պարզվել է, որ Կիրովականի տարածքը մարդաբնակ է եղել դեռևս մեր թվականությունից առաջ 4-3-րդ հազարամյակներում։ 13-րդ դարից այդտեղ եղած բնակավայրը կոչվել է Ղարաքիլիսա (որ նշանակում է «սև եկեղեցի»)։ Աստիճանաբար այն դարձել է քաղաք և 1935 թ. վերանվանվել Կիրովական՝ ի պատիվ կուսակցական ու պետական գործիչ Ս. Մ. Կիրովի։

Նախասովետական Ղարաքիլիսայի միակ գեղեցկությունն այն էր, որ շրջապատված էր թավ անտառներով ու բարձր սարերով։ Քաղաքն ինքը կավաշեն տներով, նեղ փողոցներով մի բնակավայր էր։ Եվ, ինչպես իր ծննդավայրի մասին գրել է Ստեփան Զորյանը, այնքան փոքր էր, որ կովի բառաչը լսվում էր քաղաքի մի ծայրից մյուսը։

Եվ քաղաքն այդպիսին էլ մնացել է մինչև Հայաստանում սովետական իշխանության հաստատումը։ Դրանից հետո նոր կյանքով ապրեց Կիրովականը։ 1933 թ. նրա անունը հայտնի դարձավ ողջ Միության մեջ, երբ երկրին կարբիդի իր առաջին տոննաները տվեց քաղաքի Ալ. Մյասնիկյանի անունը կրող քիմիական գործարանը, որն այժմ արտադրում է քիմիական շատ այլ նյութեր։ Այնուհետև մեկը մյուսի ետևից շարք մտան «Ավտոմատիկա» և հաստոցաշինական, արհեստական մանրաթելերի, կահույքի ու կարի, մորթու-մուշտակի ու կոշիկի գործարաններն ու ֆաբրիկաները։ Կիրովականյան մակնիշը կրող բազմատեսակ արտադրանքն այժմ ոչ միայն մեծ պահանջարկ է վայելում Սովետական Միությունում, այլև արտահանվում է արտասահմանյան շուրջ 40 երկիրր: Իսկ ճշգրիտ հաստոցների գործարանում արտադրվող որոշ մակնիշների հաստոցներ միջազգային ցուցահանդեսներում արժանացել են ոսկե մեդալների։

Շատ գործ է կատարվել քաղաքաշինության ուղղությամբ։ Բազմաթիվ նորակառույցները քաղաքը դարձրել են անճանաչելի։ Գեղեցիկ է հատկապես քաղաքի կենտրոնական՝ Ս. Մ. Կիրովի անունը կրող հրապարակը։ Ստեղծվել են նոր հրապարակներ, բացվել նոր պողոտաներ ու փողոցներ։ Նորակառույցների թվում է սոճիների գեղատեսիլ պուրակում բարձրացող պիոներ-դպրոցականների հոյակերտ պալատը։