գոտիներ են սոճիների պուրակն ու մանկական զբոսայգին։ Թովիչ է գեղեցիկ ծառուղիներով շրջապատված արհեստական լճակների կասկադը։ Իր մեղմ կլիմայի, հանքային առատ աղբյուրների շնորհիվ Կիրովականը վաղուց ի վեր առողջարանային քաղաք է։ Գարնան ու ամռան ամիսներին մարդկանց իր զովաշունչ գիրկն է կանչում նշանավոր Վանաձորը, որը Հայաստանի բնության մի անզուգական անկյուն է։ Այստեղ հանգստյան տների ու առողջարանների կողքին ստեղծվել են բազմաթիվ պիոներական ճամբարներ։ Դրանցից ամենահայտնին, անշուշտ, «Հայկական Արտեկ» ճամբարն է, ուր ամառային արձակուրդների օրերին հանգստանում են ոչ միայն մեր հանրապետության ու Սովետական Միության տարբեր վայրերից, այլև Սփյուռքից եկած երեխաներ։ Ճամբարը մի քանի անգամ արժանացել է ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի մեդալների։
Կկու
Ամեն ոք, ով եղել է անտառում, լսել է կկվի կանչը։ Հայտնի է նաև, որ շատ կկուներ ձու են ածում ուրիշ թռչունների բներում, իսկ կկվի՝ ձվից դուրս եկած ձագը հրում, բնից դուրս է նետում «տանտեր» ձագուկներին։ Բայց քչերը, հավանաբար, գիտեն, թե ինչ մեծ ախորժակ ունի կկուն։ Դրա շնորհիվ նա փոխհատուցում է այն վնասը, որ պատճառում է ուրիշ թռչուններին կործանելով։ Նա ոչնչացնում է բազմաթիվ, այդ թվում՝ այնպիսի վնասատու միջատների, որոնց մյուս թռչունները չեն ուտում։
Կղզի
Բոլոր կողմերից ջրով շրջապատված ցամաքամասը կոչվում է կղզի։ Իրարից ոչ հեռու ընկած կղզիների խումբը կազմում է