Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/29

Այս էջը հաստատված է

«Երիտասարդ գվարդիա»

Հայրենական մեծ պատերազմի ահեղ ժամանակներն էին, 1942 թվականը։ Դոնբասի Կրասնոդոն փոքր քաղաքը գրավել էին հիտլերականները։ Նրանք տնօրինում էին ամենուր, հիմնում իրենց ֆաշիստական «նոր կարգը», որով սովետական մարդկանց ուզում էին դարձնել ստրուկներ։ Բայց սովետական ողջ ժողովուրդը ոտքի կանգնեց ի պաշտպանություն հայրենիքի։ Այդ պայքարին անմասն չմնացին նաև Կրասնոդոնի կոմերիտականները։ Նրանք նույնպես վճռեցին մարտնչել թըշնամու դեմ: Օկուպացված Կրասնոդոնի շուրջ հարյուր կոմերիտականներ, երիտասարդ տղաներ ու աղջիկներ, իրենց ավագ ընկերների` կոմունիստների, ղեկավարությամբ միավորվեցին «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կազմակերպության մեջ, որպեսզի պայքարեն ֆաշիստների դեմ։ Նրանցից յուրաքանչյուրը, մտնելով այդ կազմակերպության մեջ, սովետական հայրենիքին հավատարիմ մնալու երդում էր տալիս, խոստանում լինել տոկուն և կռվել մինչև վերջին շունչը։ Պատանի ընդհատակայինները գործում էին վճռական ու աներեր։ Նրանք թռուցիկներ էին տարածում, ուր կրասնոդոնցիներին կոչ էին անում պայքարել ֆաշիստների դեմ, նրանց պատմում ազատարար սովետական բանակի հաջողությունների մասին։ Նրանք հրկիզում էին զինապահեստները, կազմակերպում գերված սովետական մարտիկների փախուստը, կախաղան հանում դավաճաններին: Մեծ հոկտեմբերի տարեդարձի օրը Կրասնոդոնի բնակիչները տների տանիքներին ծածանվող կարմիր դրոշներ տեսան: Այդ դրոշները, կարծես, մարդկանց ասում էին. «Ո՜չ, ֆաշիստները երբեք չեն կարող ընկճել սովետական մարդկանց։ Պայքարը շարունակվում է, և հաղթանակը մերը կլինի»: Դրանք կրասնոդոնցիներին ուժ ու արիություն տվեցին, ամրապնդեցին հավատը մոտալուտ ազատագրման հանդեպ։