է արձակում նաև մինչ այդ անհայտ մի տարր։ Պիեռն ու Մարին այդ տարրն անվանեցին պոլոնիում՝ ի պատիվ Մարիի հայրենիքի՝ Լեհաստանի (լատիներեն՝ Պոլոնիա)։ Իսկ որոշ ժամանակ անց նրանց հաջողվեց հայտնաբերել ևս մի նոր տարր՝ ռադիումը, և ոչ միայն հայտնաբերել, այլև ստանալ մաքուր ռադիումի շատ փոքրիկ մի կտոր։
Դժվարին էր աշխատանքը։ Մոտ չորս տարի, ամեն օր, նրանք գալիս էին իրենց ցախանոցը՝ ուսումնասիրելու պոլոնիումի ու ռադիումի հատկությունները։ Այդ տարիների ընթացքում հսկայական քանակությամբ ուրանի հանքաքար անցավ Մարիի ձեռքով։ Նա մեծ-մեծ անոթներ էր տեղափոխում, մի անոթից մյուսը լցնում զանազան հեղուկներ, ծանր երկաթաձողով ժամեր շարունակ խառնում եռացող կաթսայի պարունակությունը։
Ցախանոցից նրանք հեռանում էին մթնով, երբ սեղաններին ու դարակներին շարված սրվակներն ու փորձանոթներն սկսում էին խորհրդավոր առկայծել կանաչափայլ լույսով։ Ռադիոակտիվ նյութերն էին լուսարձակում։ Իսկ տանն էլ պետք էր հոգ տանել փոքրիկ դստերը՝ Իրենին։
Ռադիոակտիվության երևույթը հայտնագործելու համար Կյուրի ամուսիններն ու Բեքերելն արժանացան նոբելյան մրցանակի։ Այդ ժամանակ Մարին դեռևս չգիտեր, որ շուտով ինքը միայնակ պետք է շարունակի հետազոտությունները. Պիեռն ընկավ կառքի տակ ու մահացավ` մեծ վիշտ պատճառելով Մարիին։ Բայց չէ՞ որ Պիեռը միշտ ասում էր. «Ինչ էլ որ պատահի, մենք պետք է աշխատենք»։ Եվ Մարին երբեք չմոռացավ նրա այդ խոսքերը։
Մարի Կյուրին դարձավ պրոֆեսոր, լաբորատորիայի ղեկավար։ Մաքուր ռադիում ստանալու համար նրան երկրորդ անգամ շնորհվեց նոբելյան մրցանակ։ Մարի Կյուրին բազմաթիվ աշակերտներ ուներ, որոնցից ամենատաղանդավորը նրա դուստրն էր՝ Իրենը։ Նա նույնպես ֆիզիկոս դարձավ և ամուսնու՝ Ֆրեդերիկ Ժոլիոյի հետ աշխատում էր մոր ղեկավարած լաբորատորիայում։
Պիեռն ու Մարին ուսումնասիրում էին ռադիոակտիվ նյութերն ու ռադիոակտիվ ճառագայթումը, սակայն տակավին չէին կարողանում միջամտել այդ պրոցեսին, որևէ փոփոխության ենթարկել այն։ Դա կարողացան անել Իրենն ու Ֆրեդերիկը։ Նրանք ստեղծեցին արհեստական ռադիոակտիվ նյութեր, այսինքն՝ նյութեր, որ բնության մեջ չկան։ Այդ նյութերը նույնպես անտեսանելի ճառագայթներ էին արձակում։ Եվ Կյուրիների ընտանիքում հայտնվեց երրորդ նոբելյան մրցանակը։
Պիեռ և Մարի Կյուրիների աշխատանքներն ատոմի ֆիզիկայի հիմքը դարձան։ Մինչև ռադիոակտիվության հայտնագործումը համարվում էր, որ ատոմն անբաժանելի է։ Այժմ պարզվեց, որ այն կազմված է բազմաթիվ մասնիկներից։ Հետո հայտնի դարձավ նաև, որ ատոմի միջուկն էլ կարելի է բաժանել մասերի։ Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիների հետազոտությունները գիտնականներին օգնեցին ճեղքել ատոմի միջուկը և ատոմային էներգիա ստանալ: