Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/293

Այս էջը հաստատված է

մեկնում է արտասահման։ Համագումարում նա ծանոթանում է Լենինի հետ, իր բազմաթիվ ելույթներում պաշտպանում լենինյան դրույթները, ապա մասնակցում «Իսկրա» թերթի մի շարք համարների հրատարակմանը: 1904 թ. Կնունյանցն արդեն Ռուսաստանում է, Մոսկվայի կուսակցական կոմիտեի ղեկավարներից մեկը: Բայց շատ չանցած նա նորից, արդեն վեցերորդ անգամ, ձերբակալվում է: Ահա այս ժամանակ էր, որ նա իր փայլուն ճառով շահեց դատը և ազատվեց բանտից:

Գնալով ավելի է ծավալվում Ռուսաստանում առաջին հեղափոխությունը (1905–1907 թվականներ)։ Կնունյանցը Պետերբուրգում է, նրա բոլշևիկյան կոմիտեի անդամը, ապա նաև բանվորների դեպուտատների առաջին սովետի անդամն ու քարտուղարը։ Սակայն 1905 թ. վերջին անխոնջ հեղափոխականը նորից ձերբակալվում է ու ցմահ աքսորվում Սիբիր: Երկու տարի անց նա փախչում է աքսորից, անցնում արտասահման և նորից սկսում աշխատել Լենինի անմիջական ղեկավարությամբ։ Շուտով նա վերադառնում է Ռուսաստան, հեղափոխական գործունեությունը շարունակում նախ Պետերբուրգում, ապա՝ Բաքվում։ Սակայն ոստիկանությունն ի վերջո գտավ նրա հետքը և 1910 թ. կրկին ձերբակալեց նրան։ Բաքվի բանտում Կնունյանցը հիվանդացավ և վախճանվեց:

Ս. Շահումյանը, բարձր գնահատելով Կնունյանցի կուսակցական ու հեղափոխական գործունեությունը, նրան համարել է «փայլուն դեմք մեր կուսակցությունում»։

Կոլեկտիվ

Մի անգամ երրորդ դասարանցիներին հարցրին. «Կա՞ մեկը, որ սիրում է մենակ խաղալ»։ Բոլորը հուզվեցին, իրար անցան։ «Մենակ ի՜նչ հետաքրքրություն։ Իրար հետ միշտ կարելի է նոր խաղ հորինել, հինն էլ նոր ձևով խաղալ։ Պետք եղած դեպքում էլ ընկերներդ կօգնեն»։ Հիրավի, շատ ավելի լավ է, երբ սովորում ու խաղում, աշխատում ու զվարճանում ես ընկերներիդ, բարեկամներիդ հետ։

Սակայն ընկերներով միասին լինելը դեռևս չի նշանակում կոլեկտիվ լինել։ Ահա, օրինակ, բակում հավաքված երեխաները խաղում են, խաղում, հետո՝ ցրվում։ Դա դեռևս կոլեկտիվ չէ, այլ երեխաների խումբ։ Բայց միանգամայն այլ բան է նշանակում ձեր դասարանը։ Ձեր և ձեր բոլոր համադասարանցիների նպատակը մեկն է՝ սովորել, ձեռք բերել խոր ու հիմնավոր գիտելիքներ, միասին փոխադրվել դասարանից դասարան։ Այդ նպատակին հասնելու գործում շահագրգռված են և՛ ձեր ծնողները, և՛ ուսուցիչներն ու ջոկատավարները, և՛ մեր ողջ հասարակությունը։ Դասարանում երեխաներն օգնում են միմյանց, մտահոգվում ընկերներով։ Նրանք այցելում են բացակայող ընկերոջը, հայտնում առաջադրանքները, որպեսզի նա ետ չմնա դասերից։ Ուրիշ անգամ էլ տնային գործերում օգնում են այն ընկերոջը, որի մայրը, ասենք, մեկնել է գործուղման, չէ՞ որ ընկերը պետք է հասցնի նաև դասերը պատրաստել... Նրանք չեն մոռանում ո՛չ հիվանդին, ո՛չ էլ նրան, ով հանկարծ սկսում է վատ սովորել։

Համադասարանցի ընկերները կազմում են կուռ, համերաշխ մի կոլեկտիվ՝ դասարանի կոլեկտիվը։ Դասարանային կոլեկտիվում ձեզ միավորում են ոչ միայն ընդհանուր հետաքրքրություններն ու համատեղ ուսումը, այլև հոկտեմբերիկների կամ պիոներական աշխատանքը։

Մտնենք մի դասարան։ Ահա կոկ հագնված հոկտեմբերիկները՝ կրծքին ամրացված աստղիկներով։ Ամբողջ խումբն ապրում է հոկտեմբերիկների համար սահմանված կանոններով։ Յուրաքանչյուրն իր բաժինն ունի ընդհանուր գործում։ Այստեղ երբեք չի պատահում, որ մեկը տարին բոլոր «հրամանատար լինի», իսկ մյուսը ոչ մի հանձնարարություն չունենա։ Ուսուցչի և ջոկատավարների հետ միասին հոկտեմբերիկները ժամանակին հոգում են մի հանձնարարությունը մյուսով փոխարինելու, յուրաքանչյուրի աշխատանքը գնահատելու մասին։ Ընկերական հարաբերությունները երեխաներին չեն կաշկանդում պահանջկոտությամբ ու խստորեն գնահատելու միմյանց աշխատանքն ու արարքները։ Դա սոսկ մի փոքրիկ կոլեկտիվ է՝ ընդհանուր, հանրօգուտ նպատակ ունեցող մարդկանց ընկերակցություն։ Այդ նպատակի իրականացմանն օգնում են բարեկամությունը, ազնվությունն ու պատասխանատվությունը։

Կոլիբրիներ

Կոլիբրիներն աշխարհում գոյություն ունեցող ամենափոքրիկ և, երևի, ամենագեղեցիկ թռչուններն են։ Նրանց շատ տեսակներ