Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/299

Այս էջը հաստատված է

որոնք ոսկու և նոր ու հարուստ հողերի մեծ կարիք ունեին։ Եվ Կոլումբոսի երեք կարավելլաները (եռակայմ առագաստանավերը)՝ ֆլագմանական (այսինքն՝ նավատորմի պետի) «Սանտա-Մարիան», «Նինյան» և «Պինտան», 1492 թ. օգոստոսին Իսպանիայի Պալոս քաղաքից դուրս եկան նավարկության։

Հիանալի եղանակ էր, փչում էր մեղմ պասսատը, և նավերն արագ լողում էին դեպի արևմուտք։ Ամեն նավում կար ընդամենը մի նավախցիկ՝ կապիտանի համար, մնացած նավաստիները քնում էին ուղղակի տախտակամածին։

Բաց օվկիանոսը վախեցնում էր ծովայիններին, որովհետև առաջներում նրանք նավարկել էին միայն ափերի երկայնքով։ Եվ բոլորն անչափ ուրախացան, երբ հորիզոնին կանաչ շերտ երևաց։ Բայց դա ցամաք չէր, այլ ամբողջովին ջրիմուռներով ծածկված Սարգասյան ծովը, որը Կոլումբոսի առաջին հայտնագործությունն էր Ատլանտյան օվկիանոսում։ Նորից օրերը հաջորդում էին իրար, իսկ շուրջը միայն անծայր ու ամայի օվկիանոսն էր։ Նավաստիներն սկսեցին դժգոհել։ Նրանք տակավին չգիտեին, որ Կոլումբոսի հաշվարկներով պետք է արդեն հասած լինեին Հնդկաստան, այնինչ ցամաք դեռ չէր երևում։ Կոլումբոսը լիակատար հանգստություն էր պահպանում։ Նա քաջալերում էր վհատված նավաստիներին, խոստանում ոսկի և զանազան համեմունքներ։ Բայց ի վերջո դադարեցին նրան հավատալ և կտրուկ պայման դրին, որ եթե երեք օրից ցամաք չտեսնեն, ետ են դառնալու։ Կոլումբոսը հարկադրված համաձայնեց։

Այդ ժամկետն ավարտվելու վրա էր, երբ գիշերվա ժամը 2-ին վերջապես լսվեց հերթապահի ճիչը. «Ցամաք։ Ցամաք եմ տեսնում»։ Դա մի փոքր կղզի էր: Կոլումբոսն այն անվանեց Սան Սալվադոր։ Դրան հաջորդեցին Կարիբյան ծովի կղզիները՝ երանավետ Կուբան, չքնաղ Հայիթին և էլի ու էլի շատ կղզիներ։ Նավաստիներն առաջին անգամ էին տեսնում այնպիսի բույսեր, որ Եվրոպայում չէին աճում՝ եգիպտացորեն, կարտոֆիլ, ծխախոտ։ Ամենուր նրանք հանդիպում էին պղնձակարմրամորթ, գեղեցիկ ու բարձրահասակ մարդկանց։ Եվ որովհետև Կոլումբոսը կարծում էր, թե ինքը Հնդկաստան է հասել, այդ մարդկանց սկսեցին անվանել հնդկացիներ։

Կոլումբոսը գտնում էր, որ ինքը հայտնագործել է սոսկ դեպի Հնդկաստան տանող արևմտյան ճանապարհը, այլ ոչ թե նոր, բոլորին անհայտ մի մայր ցամաք. կյանքի վերջին միայն, երրորդ և չորրորդ նավարկություններից հետո նա սկսեց կասկածել, որ դա ինչ-որ «ուրիշ աշխարհ» է։

Կոլումբոսի հայտնագործած այդ աշխարհամասում իսպանացիները սկսեցին նորանոր հողեր զավթել, հիմնել իրենց բնակավայրերը, հպատակեցնել կամ էլ բնաջնջել բնիկներին։ Կոլումբոսն ինքը շուտով շնորհազրկվեց թագավորական արքունիքում և մահացավ լիակատար անհայտության մեջ։ Ու թեև Ամերիկան այդպես կոչվեց մեկ այլ ծովագնացի՝ Ամերիգո Վեսպուչիի անունով, սակայն այսօր մենք Կոլումբոսին մեծարում ենք որպես Ամերիկայի առաջին հայտնագործողի, խիզախ ու անվեհեր ծովագնացի։

Կոմբայն

«Կոմբայն» անգլերեն բառով, որ բառացի նշանակում է «միացում», անվանել են մի այնպիսի մեքենա, որի մեջ միավորված ու համակցված են և համերաշխ աշխատում են տարբեր մեքենաներ ու մեխանիզմներ։ Բոլոր կոմբայնների «հայրը» հացահատիկահավաք կոմբայնն է, որի մեջ միացված ու համակցված են մի քանի տարբեր մեխանիզմներ։ Առաջինը հնձիչ մեքենան է, որը հնձում է հացահատիկը։ Երկրորդ մեքենան՝ կալսիչը, կալսում է հացահատիկը։ Երրորդը՝ քամհար մեքենան, հացահատիկը մաքրում է հարդից։ Չորրորդը՝ փոխակրիչը, հացահատիկը մի մեխանիզմից մյուսն է տանում, ապա լցնում կոմբայնին մոտեցող բեռնատար ավտոմոբիլների թափքի մեջ։ Հինգերորդը խուրձ առ խուրձ հավաքում է ծղոտը։ Վեցերորդը շարժման մեջ է դնում հացահատիկահավաք մեքենայի բոլոր մեխանիզմները։