Բայկալ-Ամուր մայրուղին, որը, հատելով ողջ Արևելյան Սիբիրն ու Հեռավոր Արևելքը, կօգնի մեր երկրի նոր շրջանների յուրացմանը։ Պատանիներն ու աղջիկներն աշխատում են կուսակցության պլանների կենսագործման համար ծավալված պայքարի առաջավոր դիրքերում։
Կոմերիտականները որպես իրենց կենսական գործը, իրենց մարտական ծրագիրն ընդունեցին կուսակցության 26-րդ համագումարի առաջադրած խնդիրները մեր երկրի տնտեսության, գիտության և մշակույթի հետագա զարգացման մասին։
Կգա օրը, ձեզ կոմերիտական տոմս կհանձնեն, և կոմերիտմիության փառավոր կենսագրությունը կդառնա նաև ձերը։ Դուք կշարունակեք այն։ Եվ միշտ պետք է հիշել, որ կոմերիտական լինելը մեծ պատիվ է, որին պետք է արժանանալ ուսմամբ ու աշխատանքով։
Կոմպոզիտոր, երաժիշտ-բանահավաք, երաժշտագետ, երգիչ, խմբավար և մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր ահա այն բնորոշումները, որ ուղեկցում են հայ մշակույթի հսկաներից մեկի՝ մեծն Կոմիտասի անվանը։
...1881 թ. է։ Էջմիածնի վանքի Վեհարանում, կաթողիկոսի դիմաց, կանգնած է թախծոտ, խելացի աչքերով վտիտ մի տղա։ Վաղ որբացած երեխային, որ գեղեցիկ ձայն ունի, բերել են թուրքական հեռավոր, հայաշատ Քյոթահյա (նախկինում՝ Կուտինա) քաղաքից՝ Գևորգյան ճեմարան ընդունել տալու հույսով։ Բայց... մեծերի հարցերին նա պատասխանում է թուրքերեն։ Հիասթափված է կաթողիկոսը։ Ի՞նչ անել։ թող երգի տղան։ Եվ նա սկսում է երգել։ Շուրջը հիացքից քարանում են։ Ի՜նչ գեղեցիկ է երգում։ Ամեն մի ելևէջ այնքան թրթռուն է, ամեն մի հնչյուն այնպես հոգեպարար։ Ի՜նչ ուժ էր այդպես ներշնչել փոքրիկին։ Ամենքը հուզված են, կաթողիկոսի աչքերից զույգ արցունք է կաթում։ Եվ տղան՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, դառնում է Էջմիածնի հոգևոր ճեմարանի սան։
1893 թ. Սողոմոնն ավարտում է ճեմարանը, նշանակվում տեղի երաժշտության ուսուցիչ, նաև՝ խմբավար Մայր տաճարում։ Քանի որ հոգևոր ճեմարան էր ավարտել, 1894 թ. ձեռնադրվում է աբեղա, և նրան շնորհվում է 7-րդ դարի բանաստեղծ ու երաժիշտ կաթողիկոս Կոմիտասի անունը։ 1895 թ. դառնում է վարդապետ և այդուհետ սկսում կոչվել Կոմիտաս վարդապետ։ Ուսումնառության տարիներից արդեն ներքին անիմանալի մի մղումով նա ուշադիր ականջ էր դնում գյուղերում, հանդերում, եկեղեցիների շուրջը հնչող ժողովրդական երգերին։ Եվ այդ ներքին հրամայական ձայնին ունկնդիր՝ նա հոգու ու մտքի չափագրության էր ենթարկում լսածը, գրի առնում, վերլուծում։
Երաժշտության նկատմամբ ինքնայրումի մի հասնող այդ սերն էր, որ մի օր նրան տարավ նախ Թիֆլիս (Թբիլիսի), ուր կարճ ժամանակով աշակերտեց հայտնի կոմպոզիտոր, խմբավար ու մանկավարժ Մակար Եկմալյանին, ապա, 1896 թ., Բեռլին՝ ուսանելու Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատիայում և Արքունական համալսարանում։ Այստեղ Կոմիտասն ուսումնասիրում է կոմպոզիցիայի տեսություն, մշակում է ձայնը, սովորում դաշնամուր, երգեհոն նվագել, հմտանում խմբավարության արվեստին։ Երաժշտական առարկաներից զատ, նա ուսումնասիրում է նաև հոգեբանություն և փիլիսոփայություն։
Թեև Կոմիտասին Բեռլինում սովորեցնում էին գերմանական երաժշտության կանոններով ու օրինաչափություններով, բայց նա առավելապես առաջնորդվում էր հայ երգի ու երաժշտության թելադրած օրենքներով։ Տարիներ հետո, երբ նա Եվրոպա ուսման էր ճանապարհում իր հայ սաներին, յուրաքանչյուրին տալիս էր հայ ժողովրդական երգերի մի փունջ՝ որպես ուղենիշ ու նպատակի բարձրագույն ծրագիր։