Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/306

Այս էջը հաստատված է

հեղինակություն, հայ արվեստը, մշակույթը առաջնորդող ուժերից մեկը։ Նրա ամեն մի ելույթը ունկնդիրների համար գեղագիտական վայելքի, ազգային ինքնագիտակցության զարթոնքի շքեղ հանդես էր։ Սակայն...

1915 թ ... Թուրքական կառավարությունն իրականացրեց մարդկության պատմության մեջ հրեշավոր նախճիր՝ արևմտահայության զանգվածային կոտորած, որը հայտնի է Մեծ եղեռն, հայերի գենոցիդ անունով։ Իրենց դարավոր հայրենի հողերից տեղահան արվեցին, արաբական անապատները քշվեցին ու գազանաբար սպանվեցին մեկուկես միլիոն հայեր։ Ապրիլին Կոստանդնուպոլսից Անատոլիայի խորքերն աքսորեցին նաև ավելի քան 200 հայ մտավորականների, որոնց մեջ էր և Կոմիտասը։ Ու թեև նա ողջ մնաց, բայց, ավա՜ղ, հարազատ ժողովրդի դժոխային սպանդի ահասարսուռ պատկերներից հետամուտ, զգայուն հոգու տեր երաժիշտը կորցրեց հոգեկան հավասարակշռությունը...

Շուրջ տասնվեց տարի նա անցկացրեց Փարիզի հոգեբուժական հիվանդանոցներում, բայց այդպես էլ չբուժվեց։ 1936 թ. մայիսին նրա աճյունը Փարիզից տեղափոխվեց Երևան և հանձնվեց մայր հողին՝ նրա անունը կրող զբոսայգու պանթեոնում: Այդ օրերին էր, որ մեծանուն բանաստեղծ Ե. Չարենցը գրեց իր «Կոմիտասի հիշատակին» սքանչելի պոեմը, մեծ երաժշտին դիմելով այսպիսի հուզիչ խոսքերով.

Հայրենի երգն ես դու մեր`
Վերադարձած հայրենիք:

Կոմիտասի բարձրագույն առաքելությունն էր՝ ցույց տալ աշխարհին, որ հայն ունի իր ինքնուրույն, ազգային խոր ակունքներից բխող երաժշտությունը, մի բան, որի շուրջ մինչ այդ կային տարակարծություններ, տարբեր տեսակետներ։ Նա փայլուն իրագործեց այդ առաքելությունը: Հայ երգն ու երաժշտությունը նա բազմիցս տարավ Եվրոպա, ուր մենակ կամ երգչախմբերով ելույթներ ունեցավ ամենահայտնի համերգասրահներում, երաժշտության լավագույն գիտակների ներկայությամբ։ Հայ երգի նկատմամբ իր սիրով նա համակեց նաև օտարներին, արժանացավ ժամանակի ամենախոշոր երաժիշտների հիացմունքին ու բարձր գնահատանքին։ Այսօր ամբողջ աշխարհը գիտե, որ հայ ժոովուրդն ունի իր երաժշտությունը, ինչպես որ ունի իր լեզուն ու գրականությունը, իր ինքնատիպ մշակույթը։

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, Կոմիտասի անվան աշխարհահռչակ քառյակ, Կոմիտասի պետական թանգարան, Կոմիտասի անվան բազմաթիվ երաժշտական խմբեր սփյուռքում՝ այս ամենով հայ ժողովուրդն իր երախտագիտությունն է արտահայտում իր մեծ զավակին։ Դժվար է հիմա պատկերացնել որևէ տոնահանդես կամ երգահանդես, լինի դա Սովետական Հայաստանում թե աշխարհով մեկ սփռված հայ գաղթավայրերում, ուր չթևածի կոմիտասյան երգը։ Կոմիտասի անձով, նրա արվեստով ոգեշնչվել են հայ գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ, քանդակագործներ՝ նրան մարմնավորելով իրենց ստեղծագործություններում։ Այդ ստեղծագործությունների շարքում իր ուրույն տեղն ունի Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը հրաշալի պատկերազարդել է նկարիչ Գրիգոր Խանջյանը։

Եվ հազարապատիկ ճշմարիտ է բանաստեղծը՝ Կոմիտասին ձոնելով այսպիսի տողեր. Դու ամենայն Հայոց երգի Վեհափառն ես, Դու` մեր երգի Մեսրոպ Մաշտոց, Գիրն ու տառն ես Հայոց երգի:

Կոմունիզմ

-տես Սոցիալիզմ և կոմունիզմ

Կոմունիստական ինտերնացիոնալ

-տես Լենին Վլադիմիր Իլյիչ, Մարքս Կարլ, Էնգելս Ֆրիդրիխ

Կոնգո

(Կոնգոյի Ժողովրդական Հանրապետություն)

Կոնգո պետությունը գտնվում է Կենտրոնական Աֆրիկայի արևմտյան մասում, միանգամից երկու՝ Հյուսիսային և Հարավային կիսագնդերում, քանի որ նրա տարածքով անցնում է հասարակածը։