Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/307

Այս էջը հաստատված է

Կլոր տարին Կոնգոյում եղանակը հավասարաչափ տաք է։ Այստեղ տարին ոչ թե չորս եղանակ ունի, ինչպես մեր երկրում է, այլ չորս սեզոն. երկարատև ու կարճատև անձրևային սեզոններ և երկարատև ու կարճատև չորային սեզոններ։ Չորային սեզոնի ժամանակ եղանակը լինում է առանց քամիների ու չոր, գետերն ու լճերը ծանծաղում են։ Անձրևային սեզոնի ժամանակ գրեթե ամեն օր արևադարձային տեղատարափ անձրևներ են գալիս, գետերի ու լճերի ջուրը բարձրանում է և հաճախ դուրս գալիս ափերից։ Այդ ժամանակն անվանում են նաև բարձր ջրի սեզոն։

Կոնգո գետն առաջին անգամ տեսնողը զարմանք է ապրում, նրան թվում է, թե գետում լողում են ինչ-որ տարօրինակ կենդանիներ` ոչ այն է գետաձիեր, ոչ այն է կոկորդիլոսներ։ Իրականում դրանք մեծ թփեր են, որոնք չորային սեզոնի ժամանակ աճում են ծանծաղուտներում և խաղաղ գետախորշերում, իսկ անձրևների ժամանակ հորդացած գետը դրանք պոկում է բներից և քշում տանում հոսանքն ի վար։ Տաք կլիմայի, առատ խոնավության և արգավանդ հողերի շնորհիվ առատաձեռն է Կոնգոյի բնությունը։ Այստեղ մշակում են շաքարեղեգ, ադամաթզենի (բանան), բրինձ, ծխախոտ, գետնանուշ, մանիոկա հացաբույսը և ուրիշ ջերմասեր բույսեր։ Արևադարձային անտառներում աճում են վարդագույն, կարմիր ու սև արժեքավոր փայտանյութ տվող ծառեր։ Այդ փայտից պատրաստում են գեղեցիկ կահույք և