Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/309

Այս էջը հաստատված է

այլ ռուս կոմպոզիտորի՝ Նիկոլայ Անդրեևիչ Ռիմսկի-Կորսակովի անունով։ Կոնսերվատորիաներ կան նաև Սովետական Միության ուրիշ խոշոր քաղաքներում։ Սովետական Միության կոնսերվատորիաները տվել են աշխարհում հայտնի շատ երաժիշտներ ու եոգիչներ։

Հայաստանում երաժշտության դասավանդման կենտրոններ եղել են դեռևս միջնադարում։ Նշանավոր վանքերին կից գործող դպրոցների ու համալսարանների սաներն ստանում էին նաև երաժշտական կրթություն. Սանահինի, Տաթևի, Անիի, Գլաձորի, Հայկական Կիլիկիայի Հռոմկլա, Սիս քաղաքների և մի շարք այլ վայրերի բարձրագույն տիպի դպրոցներում պատրաստում էին երաժիշտ-կատարողներ, ստեղծագործողներ, որոնցից է, օրինակ, 12-րդ դարի բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան Ներսես Շնորհալին: 19-րդ դարի վերջին երաժշտության դասավանդման գործում մեծ դեր էին խաղում Թիֆլիսի (Թբիլիսիի) Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ուր սովորել, ապա նաև դասավանդել է մեծ Կոմիտասը: Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո հայտնի կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ 1923 թ. ստեղծվեց Երևանի կոնսերվատորիան, որը 1946 թ. կոչվեց Կոմիտասի անվան: Երևանի կոնսերվատորիան Սովետական Միության առաջատար կոնսերվատորիաներից է, նրա ուսանողներն ու շրջանավարտները պարբերաբար մասնակցում են անդրկովկասյան, միութենական և միջազգային երաժշտական մրցույթների։ Կոնսերվատորիայում սովորում են նաև արտասահմանյան մի շարք երկրներից եկած երիտասարդ երաժիշտներ:

Կոնվեյեր

Ինքնաթիռն սկսեց վայրէջք կատարել։ Ահա նրա անիվները հպվեցին վայրէջքի գոտուն և գլորվեցին նրա վրայով, ինքնաթիռի ընթացքն էլ դանդաղեց։ Թռիչքն ավարտվեց։ Ուղևորները շարժվեցին դեպի օդանավակայանի շենքը՝ ստանալու իրենց ճամպրուկները։ Հարյուրից ավելի մարդ է ժամանել ինքնաթիռով։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ժամանակ է հարկավոր իրերը հերթով ստանալու համար։ Բայց ուղևորներն ամենևին էլ շատ չսպասեցին։ Ընդարձակ սրահի կենտրոնում ձգված էր ռետինե լայն մի ժապավեն, որի մի ծայրը ներքև էր իջնում հատակի բացվածքից։ Հենց որ ուղևորները սրահ մտան, ժապավենը դուրս սողաց բացվածքից, վրան՝ ճամպրուկներ,