Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/310

Այս էջը հաստատված է

պայուսակներ, տոպրակներ։ Մի քանի րոպե անց վերջին ուղևորը, ժապավենի վրայից վերցնելով իր ճամպրուկը, հեռացավ սրահից։

Այդ ի՞նչ ժապավեն է և ինչո՞ւ է անընդհատ շարժվում։ Դա կոնվեյերն է։ Ժապավենի ծայրերը միացված են իրար, իսկ ինքը ձգված է երկու թմբուկների վրա, ինչպես ձեր հեծանվի շղթան։ Միայն թե հեծանվի շղթան ձգված է ատամներ ունեցող հատուկ անիվների (ատամնանիվների) վրա, իսկ կոնվեյերի թմբուկները հարթ են։ Որպեսզի ժապավենը շարժվի, էլեկտրական շարժիչը թմբուկներից մեկին հարկադրում է պտտվել։ Թմբուկը պտտվում է, իր ետևից քաշում տանում ժապավենը, սա էլ՝ իր վրա դրված ծանրոցները։ Կոնվեյերով կարելի է տեղափոխել ոչ միայն ծանրոցներ, այլև ածուխ, հանքաքար, ավազ...

Ամեն մի ֆաբրիկայում ու գործարանում կոնվեյերն ամենալավ օգնականն է։ Ուրիշ ի՞նչ մեքենա կարող է նրանից ավելի լավ ու արագ մեքենամասերը տեղափոխել մի արտադրամասից մյուսը, ածուխ մատակարարել վառարանին, ավազով բեռնել երկաթուղային վագոնները։ Կոնվեյերով են հավաքում նաև ավտոմոբիլները։ Կոնվեյերի սկզբնամասում ամրացնում են ավտոմոբիլի հիմնական մասերից մեկը՝ շրջանակը։ Շարժվում է կոնվեյերը և բանվորների մի բրիգադից մյուսը տանում շրջանակը։ Բանվորներից ոմանք շրջանակի վրա տեղակայում են շարժիչը, մյուսները՝ ամրացնում անիվները, ուրիշներն էլ՝ տեղադրում դռները։ Եվ կոնվեյերի վերջում արդեն ոչ թե շրջանակն է, այլ պատրաստի ավտոմոբիլը։ Լինում են տարբեր կոնվեյերներ։ Կան տաք բեռներ, օրինակ, շիկացած ռելսեր կամ նոր կռած մեքենամասեր տեղափոխելու համար նախատեսված կոնվեյերներ։ Սրանց ժապավենն, անշուշտ, ոչ թե ռետինից է, այլ երկաթից. չէ՞ որ ռետինը կայրվեր։

Որոշ տեսակի կոնվեյերներ կարող են բեռ բարձրացնել։ Այդպիսի կոնվեյերներում, սովորաբար, ժապավենի փոխարեն շղթա է շարժվում։ Դրանք տեղակայվում են, օրինակ, ձնամաքրիչ մեքենաների վրա։ Մոտենում է մեքենան ձնակույտին, իր կոր լծակ-բահերով ճանկում ձյունը և նետում շարժվող կոնվեյերի քերակների վրա, կոնվեյրն