Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/323

Այս էջը հաստատված է

անգետներին, ապերախտներին ու պարծենկոտներին։ Կռիլովի առակները այնքան պարզ են ու հասկանալի, որ դրանք կարելի է հեշտությամբ հիշել։ Նրա առակների շատ դարձվածքներ դարձել են թևավոր խոսքեր և ապրում են ինքնուրույն կյանքով։ Դուք, անշուշտ, գիտեք Կռիլովի «Գայլն ու գառը», «Կապիկն ու ակնոցները», «Ճպուռն ու մրջյունը» կամ «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» և այլ առակներ։

Կռունկ

Գարնանը, երբ դաշտերում սկսում է հալվել ձյունը, իսկ անտառում երևում են ձնհալի առաջին նշանները, դուք կարող եք լսել կռունկների ձայնը։

«Կը՜ռ, կը՜ռ, կը՜ռ»-ոչ շատ բարձր լսվում է կեչուտի այն կողմից։ Զրույցն սկսում է թռչուններից մեկը։ «Կը՜ռ, կը՜ռ, կը՜ռ»,–նրան պատասխանում է երկրորդը, ապա երրորդը... Նրանց ձայներն անընդհատ մոտենում են, և ահա դաշտի վրա երևում է կռունկների սեպանման երամը։ Թռչուններն առաջ են շարժվում դանդաղ, ասես ձգտելով հիշել այն վայրերը, որտեղից հեռացել էին աշնանը։

Կռունկները տուն են դառնում։ Նրանք հոգնած են։ Այսօր ամբողջ երամը կգիշերի դաշտում։ Իսկ վաղ առավոտյան, նախքան արևածագը, նրանք ձայն կտան իրար, կստուգեն, բոլորն են արդյոք պատրաստ շարունակելու ճանապարհը, ապա դանդաղ, բայց վստահորեն կտարածեն թևերն ու կուղղվեն դեպի իրենց հեռավոր, բայց հարազատ վայրերը։

Այնտեղ` ճահճուտում, տափաստանում, տունդրայում կամ որևէ բաց տարածությունում կռունկները կփնտրեն ու կգտնեն իրենց հին բները, և շուտով այդ բներում կհայտնվեն երկու, երբեմն երեք երկարասրուն ձագերը։

Կռունկները շատ զգուշավոր թռչուններ են։ Դեռ հեռվից ժամապահ ծեր կռունկը նկատում է մոտեցող մարդուն և տագնապի ազդանշան տալիս։ Սակայն երբեմն, այնուամենայնիվ, հաջողվում է թաքուն դիտել կռունկների գարնանային ուրախ պարախաղերը։ Ահա ուր որ է կաղնու կատարը կոսկեզօծվի արևածագի առաջին շողերով, և կռունկն արդեն զգում է այդ։ Նա ձգում է գլուխը և հնչեղ, շեփորաձայն ճիչով անտառով մեկ ազդարարում նոր օրվա սկիզբը։ Ի պատասխան հնչում է մյուս կռունկների երգը, և անտառի վրա երկարորեն թևածում է «կռունկային» հիմնը ծագող արշալույսին։ Իսկ աշնանը, երբ կռունկի ձագերն արդեն մեծացած են լինում, ամբողջ երամն սկսում է պատրաստվել չուի։ Եվ այդժամ անտառի վրա դուք կրկին կտեսնեք այդ խոշոր, ուժեղ ու գեղեցիկ թռչուններին, ջահել թռչուններին՝ թևերը փորձել-մարզելիս, իսկ ծերերին՝ փոքրիկ կռունկներին երթաշարային թռիչք սովորեցնելիս։ Շուտով աշնանային մութ ամպերը կծածկեն երկինքը, դաշտերի վրա կմաղեն սառը, հորդ անձրևները, և կռունկներն իրենց հեռավոր ճամփորդության ուղին կբռնեն։ Իսկ երբ դաշտերում ու անտառներում նորից երևան ձնհալի առաջին նշանները, մենք անհամբերությամբ կսպասենք նրանց վերադարձին։ Նման անհամբերությամբ օտարության մեջ գտնվող հայ պանդուխտը ևս սպասում է կռունկի վերադարձին, որ հարցնի նրան.