Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/328

Այս էջը հաստատված է

զարդարված է ռուս հայտնի նկարիչ Դիոնիսիի որմնանկարներով, հին, 11-13-րդ դարերի սրբապատկերներով: Իսկ Բլագովեշչենսկի տաճարի սրբապատկերներն ստեղծել է հին Ռուսիայի հիանալի նկարիչ Անդրեյ Ռուբլյովը:

Կառուցվում են Կրեմլի պարիսպները, դարպասները, աշտարակները, Իվան Մեծի զանգակատունը, Գրանովիտայա հոյակապ պալատը, որ հանդիսավոր ընդունելությունների սրահ էր։ Նրա առաստաղի և պատերի որմնանկարները հիացմունք էին պատճառում օտարերկրյա հյուրերին։ Եվ այդ կառույցներից ամեն մեկը ժողովրդի ծոցից ելած վարպետների՝ շինարարների, քարի ու փայտի փորագրողների, դրվագողների, ոսկերիչների ու արծաթագործների, ձուլողների հանճարի ու աշխատանքի մի-մի անկրկնելի հուշարձան է։

17-րդ դարում Կրեմլի աշտարակները պսակվեցին վրանաձև ավարտներով, կառուցվեց հրաշալի Տերեմնոյ պալատը` ցարական ընտանիքի ապարանքը։ 18-րդ դարում Կրեմլի տարածքում հայտնվեցին Սենատի խստաոճ ու գեղեցիկ շենքը, որ կառուցեց ճարտարապետ Կազակովը (այժմ այնտեղ աշխատում է ՍՍՀ Միության կառավարությունը), և Զինանոցը։ 19-րդ դարում այդ շարքը համալրեցին Կրեմլի մեծ պալատը և Զինապալատը, որը Սովետական Միության հնագույն ու ամենահարուստ թանգարաններից է։ Իսկ մեր օրերում Կրեմլի պատմական համալիրն ամբողջացրեց Կրեմլի Համագումարների վեհաշուք պալատը, որի հեղինակներն են սովետական մի խումբ հայտնի ճարտարապետներ:

Կրեմլի հետ են կապված Ռուսաստանի պատմության ամենավառ ու հերոսական էջերը։ Այստեղից են թշնամու դեմ արշավի ելել Դմիտրի Դոնսկոյի զորագնդերը։ Զանգերի ղողանջով դիմավորեց Կրեմլը լեհ ու շվեդ զավթիչներից իր ազատարարներին՝ Մինինի և Պոժարսկու աշխարհազորին։ Զեմսկի սոբորը (երկրաժողովը) այստեղ, Գրանովիտայա պալատում ընդունեց Ուկրաինան Ռուսաստանի հետ վերամիավորելու որոշումը։ Այստեղ էր, որ Պետրոս Առաջինը տոնեց Պոլտավայի հաղթանակը Կառլ Տասներկուերորդի և շվեդական զորքերի դեմ։

Մեծ Հոկտեմբերը նոր էջ բացեց Կրեմլի պատմության մեջ։ 1918 թ. մարտի 11-ին Կազակովի կառուցած հնամենի շենքի գըմբեթին ծածանվեց կարմիր դրոշը։ Պետերբուրգից Մոսկվա, Կրեմլ, տեղափոխվեց սովետական կառավարությունը։

Կրեմլում է ապրել ու աշխատել Վ. Ի. Լենինը։ Վլադիմիր Իլյիչի կրեմլյան բնակարանը, նրա աշխատասենյակը սրբությամբ են պահպանվում։ Սիրով ու հուզմունքով են