Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/330

Այս էջը հաստատված է

բարեկազմ։ Փորիկի ծայրին, ասես պատյանում, թաքնված սուր խայթը նրանց ահարկու զենքն է։ Երկու զույգ փայլուն, թաղանթավոր թևերը կրետին օգնում են կտրել անցնելու երկար տարածություններ և արագորեն փոխելու թռիչքի ուղղությունը։ Թռչում կամ բույն են հյուսում խմբերով։ Եվ վայ նրան, ով պատահմամբ կամ դիտավորյալ քանդում է կրետի բույնը։ Ռազմաշունչ բվվոցով վրա են պրծնում շերտավոր «տանտերերն» ու խայթում ուր պատահի։ Նրանց խայթի մոտ կան թունավոր գեղձեր, դրա համար էլ խայթած տեղը խիստ ուռչում է։ Իսկ մանր կենդանիները կրետի խայթոցից կարող են սատկել։

Սովորական կրետներն իրենց բույնը հյուսում են ձեղնահարկերում, ծառերի կամ թփերի ոստերին, փչակներում։ Գորշ ստվարաթղթե մեծ գնդեր հիշեցնող այդ բները կրետները շինում են սեփական «արտադրության թղթից»։ Ահա կրետը դանդաղ սողում է չոր փայտի վրայով ու ծնոտներով կրծոտում այն։ Ապա թռչում հեռանում է՝ «շարելու» բնի պատերը, կրծոտած փայտի թեփը խառնելով սեփական լորձին։

Նկատե՞լ եք, արդյոք, ինչպես կրետը դուրս է թռչում խոտի տակից և որոշ ժամանակ անց կրկին վերադառնում նույն տեղը։ Զգուշորեն ետ տանելով խոտը՝ կտեսնեք մի չոր ոստ, վրան՝ բարակ ցողունից կախված և խոզակաղինից էլ փոքր մի գորշ գավաթիկ։ Անշարժ, շունչներդ պահած հետևեցեք, թե ինչ է անում կրետը։ Ահա նա սկսեց սողալ գավաթիկի եզրերով, շարունակելով կիսատ թողած գործը՝ կառուցելով իր «տան» պատերը։ Եթե հետո նորից գաք այստեղ, կտեսնեք, ինչպես գավաթիկի մեջ հայտնվում են ձվիկներ, ապա գավաթիկի եզրերը ծալվում են, և այլևս չի երևում, թե ինչ կա այնտեղ։ Աշնան մոտ բույնը դառնում է բռնցքաչափ։ Լսո՞ւմ եք ծանոթ ռազմաշունչ բվվոցը։ Ինչպես ինքնաթիռներն ավիակրից, բնից մեկը մյուսի ետևից դուրս են թռչում շուրջ մի տասնյակ կրետներ։ Այդ արդեն երիտասարդ, նոր սերունդն է։ Զգո՜ւյշ, հարազատ տան պաշտպանների հետ կատակելը վտանգավոր է, եթե, նույնիսկ, նրանք ընդամենը կրետներ են։

Մեղուների նման կրետներն էլ են քաղցր սիրում։ Քաղաքներում նրանք հաճախ են խռնվում գազով ջրի ավտոմատների մոտ՝ անուշահամ հյութով քաղցրացնելու համար բերանը։ Իսկ առհասարակ կրետները գիշատիչներ են և իրենց թրթուրներին կերակրում են ծամծմած միջատների «կոտլետներով»։

Առանձնապես հետաքրքիր է այսպես կոչված մենակյաց կրետների «նիստ ու կացը»։ Ահա, օրինակ, նրբագեղ, նեղ ու մուգ փորիկով ամոֆիլա կրետը։ Նա իր բույնը փորում է հողի մեջ և, նախքան ձվադրելը, քարշ է տալիս բերում գիշերաթիթեռի հարսնյակներ, որպեսզի սնունդ պաշարի ապագա թրթուրի համար։ Գեր հարսնյակներին կրետը գտնում է փխրուն հողում։ Ահա նա վազվզում է գետնի վրայով՝ ճկած