Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/331

Այս էջը հաստատված է

բեղիկները ստեպ-ստեպ հպելով հողին, ասես, «հետախուզելով» այն։ Գտնելով հարսնյակը` կրետը խայթով շեշտակի հարվածում է նրա նյարդային կենտրոնին, և հարսնյակն արդեն կաթվածահար ընկած է։ Նա կորցնում է իր շարժունակությունն ու զգայնությունը, բայց ողջ է մնում։ Ահա հենց այդ հարսնյակն էլ կրետն իր բույն է բերում և իր աճող թրթուրն ապահովում սննդով:

Գիտնականները շատ փորձեր են կատարել և պարզել, որ կրետը գործում է ոչ թե գիտակցաբար, ինչպես թվում է առաջին հայացքից, այլ ժառանգաբար անցած բնազդի ուժով։ Երբ պահեստավորված հարսնյակներին հանում են բնից, կրետն այդ չի նկատում և, միևնույն է, հողով լցնում է բնի մուտքը, նույնիսկ քողարկում էլ է. ծնոտներով մի փոքրիկ քար է բռնում, նրանով տոփանում հողը, հետո էլ ծածկում աղբով, և այստեղ, ասես, բույն չի էլ եղել։

Կրետները հրաշալի որսորդներ են։ Նրանցից շատերն օգտակար են։ Օրինակ, բեմբեքս կրետները որսում են հոտերի շուրջը պտտվող ճանճերին ու պիծակներին։ Նրանք իրենց թրթուրների համար կեր չեն պաշարում, այլ անընդհատ թարմ սնունդ են տանում բույն։ Միայն մի թրթուրի համար բեմբեքս կրետը 14-15 օրում որսում է 50-80 միջատ։ Հապա եթե հիշենք նաև, որ նա շա՜տ բներ ունի...

Կրիա

Հայկական ավանդությունը պատմում է, որ կրիան առաջ գող ու շատ վարձ առնող մի ջրաղացպան էր։ Մի աղքատ մարդ օրերից մի օր անիծում է նրան չափից ավելի մեծ վարձ վերցնելու համար և ասում. «Քեզ տեսնեմ այդ կոկոշը (դդմից սարքած աման, որով վարձն էին չափում) գլխիդ ման գալիս»։ Աղքատի անեծքն իսկույն կատարվում է, և ջրաղացպանը կրիա է դառնում։

Ոսկրային զրահի շնորհիվ կրիային ոչ մի ուրիշ կենդանու հետ չես շփոթի։ Բայց միանման են ոչ բոլոր կրիաները։