Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/334

Այս էջը հաստատված է

մի մասն արժեքավոր մուշտակամորթ գազաններ են։ Սկյուռի և կուղբի, մշկամկան և ճահճակուղբի մորթին շատ թանկ են գնահատում։

Բայց քիչ չէ նաև կրծողների հասցրած վնասը։ Նրանք փչացնում են պտղատու ծառերը, հացահատիկի դաշտերը, բանջարանոցները, սննդամթերքը։ Որոշ տեսակներ տարածում են այնպիսի վտանգավոր ու վարակիչ հիվանդություններ, ինչպես ժանտախտը, տուլարեմիան և այլն։

Կրկես

Մեզ մոտ կրկե՜ս է գալիս։ Որքա՜ն են հուզվում և ուրախանում այս լուրից փոքրիկ քաղաքի երեխաները։ Շուտով նրանք կտեսնեն ճարպիկ ակրոբատներին և լարախաղացներին, անվեհեր կենդանավարժներին, խիզախ հեծելավարժներին, խորհրդավոր աճպարարներին, զվարճալի ծաղրածուներին ու ժոնգլյորներին:

Կրկեսը հնագույն արվեստներից է։ Դեռևս վաղ անցյալում Եգիպտոսի, Հունաստանի, Հայաստանի, Հնդկաստանի, Չինաստանի քաղաքների հրապարակներում տոնական օրերին հանդես էին գալիս ակրոբատներ, լարախաղացներ, աճպարարներ, հեծելավարժներ, ժոնգլյորներ, կենդանավարժներ։ Բոլոր ժողովուրդներին սիրելի այդ հանդիսախաղը պահպանվել է մինչև մեր օրերը։ Ահա հրապարակում բեռնաթափում են մեծ բեռնասայլերը, սյուների վրա ձգում բրեզենտե տանիքը, իսկ երեկոյան արդեն շրջիկ կրկեսի՝ շապիտոյի, գմբեթի ներքո հնչում են զվարթ երաժշտություն ու ծափահարություններ։

Որքան էլ փոքր լինի կրկեսը, նրա ասպարեզը միշտ նույն չափի է, ինչ որ ամենամեծ կրկեսում՝ 13 մ տրամագիծ ունի։ Աշխարհի բոլոր կրկեսների ասպարեզի չափը մեկընդմիշտ նույնն է սահմանվել։ Հաստատուն է նաև ասպարեզի կլոր ձևը։

Ինչո՞ւ է այդպես։ Բանն այն է, որ մի ժամանակ կրկեսային ծրագրի մեծ մասն զբաղեցնում էին հեծելավարժների ելույթները։ Ձիերը շրջանաձև պտտվում էին հարթակում, իսկ հանդիսատեսները կանգնում էին նրա շուրջը։ Եվ կրկեսի առաջին շենքերում ելույթների հարթակներն սկսեցին անել կլոր ու նույն չափի, որպեսզի արտիստները չհարկադրվեին ամեն նոր քաղաքում նորից վարժեցնել ձիերին։

Կրկեսային խմբեր կան, որոնք ողջ կյանքն անց են կացնում «անիվների վրա»։