Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/36

Այս էջը հաստատված է

Տատանումների ուժը չափվում է սանդղակով` 1-ից մինչև 12 բալով։ Գիտնականները կազմել են տարբեր ուժի ու հաճախության երկրաշարժերի շրջանների քարտեզը։ Մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը, ջանում պաշտպանվել նրանց ավերիչ ուժից։ Այնտեղ, ուր երկրաշարժերը հատկապես ուժեղ են ու հաճախակի, տները կառուցում են պողպատե հիմնակմախքների կամ, երկաթուղային վագոնների նման, «զսպանակների» վրա։ Երբեմն երկրաշարժի օջախն առաջանում է օվկիանոսի հատակի տակ։ Ցնցումներից առաջանում են ծովային վիթխարի ալիքներ` ցունամիներ, որոնք սլանում են ինքնաթիռի արագությամբ, ափի մոտ ծառս են լինում 10-15 մ բարձրությամբ և առաջ բերում հսկայական ավերվածություն

Երկրաչափություն

Հունիսին Եգիպտոսի երկնքում հայտնվում է մի վառ աստղ՝ Սիրիուսը։ Նույն ժամանակ էլ, սովորաբար, Նեղոսը վարարում է և ջրի տակ առնում ափամերձ դաշտերը։ Հետո ջրի մակարդակն իջնում է, և Նեղոսը վերադառնում է իր նախկին հունը։ Այդպես էր նաև 5-6 հզ. տարի առաջ։ Այն ժամանակ էլ նույն օրերին դեռևս թաց դաշտերում հայտնվում էին պարաններով ու մահակներով զինված մարդիկ։ Այս ու այնտեղ վեճեր էին բռնկում, լսվում նախատինք ու լուտանք։ Բանն այն էր, որ հորդացած Նեղոսը ջնջում տանում էր տարբեր ընտանիքների պատկանող դաշտերի սահմանները։ Եվ ջրհեղեղից հետո ամեն անգամ հարկ էր լինում հողը նորից մաս-մաս անել։ Հողամասի մակերեսը ճիշտ հաշվելուց էր կախված այն հարկի չափը, որ երկրագործը պարտավոր էր մուծելու Փարավոնի գանձարանը։ Իսկ մակերեսը հաշվելը դժվար էր. գետի ափերը գալարուն էին, հողամասերի սահմանագծերը բեկյալ գծեր էին կազմում։ Եվ մարդիկ սովորեցին չափել այդպիսի մակերեսները` բաժանելով դրանք ուղղանկյան և եռանկյան ձև ունեցող հողակտորների։ Այն հեռավոր ժամանակներում արդեն հարկավոր էր լինում հաշվել ոչ միայն պատկերների մակերեսը, այլև տարբեր մարմինների ծավալը։ Նույն այդ Եգիպտոսում ստրուկների ձեռքով կառուցվում էին քարե վիթխարի բուրգեր` տիրակալների մահարձաններ (որոնց մասին դուք կարող եք կարդալ «Եգիպտական բուրգեր» զրույցում)։ Ստրուկները ոռոգիչ ջրանցքներ էին փորում, կառուցում ամբարտակներ ու խանդակներ։ Բուրգ կամ ջրանցք կառուցելիս փորված հողը որոշակի ծավալ էր զբաղեցնում։ Որպեսզի իմանային, թե բուրգը կանգնեցնելու համար որքան քար է հարկավոր, կամ ջրանցքը կառուցելու համար որքան հող պետք է փորել, հարկ եղավ սովորել, թե ինչպես պետք է հաշվել այդ մարմինների ծավալը։