Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/38

Այս էջը հաստատված է

ինչպես են փոփոխվում լույսն ու ստվերը, ապա կհասկանաք, թե ինչպես է ցերեկը հաջորդում գիշերվան, ինչու ձմռանը ցերեկներն ավելի կարճ են, քան ամռանը, կտեսնեք, որ Հարավային և Հյուսիսային բևեռներում ցերեկն ու գիշերը տևում են յուրաքանչյուրն ուղիղ կես տարի։ Դրա համար պարտադիր չէ, իհարկե, որ դուք 365 օրից բաղկացած տարի «ստեղծեք», այսինքն՝ գլոբուսը պտտեք 365 անգամ։ Եթե գլոբուսը պտտեք, նույնիսկ, 4—5 անգամ, դուք կտեսնեք այն ամենը, ինչ գլխավորն է։

Իսկ հիմա մտածեք, թե ինչու Երկրի բևեռներում միշտ ցուրտ է։ Նայեք ձեր մոդելին, լուսամփոփ–Արեգակը բևեռներում երբեք հորիզոնից վեր չի բարձրանում և այդ պատճառով էլ թույլ է տաքացնում։

Բայց մի շտապեք ասելու, թե Հյուսիսային և Հարավային բևեռները Երկրի ամենացուրտ վայրերն են։ Տվյալ վայրի կլիման Արեգակի ճառագայթների թեքությունից չէ միայն, որ կախված է։ Իրենց դերն ունեն նաև ծովի մոտիկությունը, քամիները, ամպերը։ Ուստի երկրագնդի վրա ամենացուրտ վայրերը ոչ թե աշխարհագրական բևեռներն են, այլ այսպես կոչված ցրտի բևեռները։ Դրանցից մեկը Օյմյակոնն է Յակուտիայում (Հյուսիսային կիսագունդ), մյուսը՝ Անտարկտիդայում գտնվող սովետական «Վոստոկ» գիտական կայանի շրջանը (Հարավային կիսագունդ)։ Այնտեղ սառնամանիքը հասնում է մինչև մինուս 88 աստիճանի։

Երկրի վրա կան ևս երկու առանձնահատուկ վայրեր, որտեղ կողմնացույցի մագնիսական սլաքը ձեզ չի օգնի որոշելու աշխարհի կողմերը։ Բանն այն է, որ Երկիրն ինքը մագնիս է և, ինչպես ամեն մի մագնիս, ունի բևեռներ։ Մագնիսական այդ բևեռների մոտ կողմնացույցի սլաքը անօգնական դես ու դեն է նետվում, ճիշտ այն մարդու նման, որը Հյուսիսային բևեռի մոտ կփորձեր գտնել դեպի հյուսիս տանող ուղղությունը։

Երմոլովա Մարիա Նիկոլաևնա

1853–1928

Երբ Մոսկվայի Փոքր թատրոնում սկսվում էր ներկայացումը, կամացուկ հուշարար Երմոլովի խցիկն էր սահում նրա դուստրը։ Փոքրիկ Մաշային հետաքրքրում էր ամեն ինչ՝ և՛ կտավներին նկարված երկինքը, և՛ դերասանների զգեստները, և՛ մթնած ու հանդարտված դահլիճը, որտեղից հանդիսատեսների հուզված շնչառությունն էր լսվում միայն։

Փոքր թատրոնը Մաշայի համար հարազատ տուն էր։ Այստեղ էր նա մեծացել, երազել դերասանուհի դառնալ, սովորել նրա թատերական դպրոցում։ Հեշտ էր սովորում, արագ հիշողության մեջ էր պահում ամենադժվար դերերը, տարված ընթերցում ողբերգություններ։

Եվ ահա նա առաջին անգամ բեմում է, մթամած, շունչը պահած դահլիճի առջև։ Հանդիսատեսները մոռացել էին, որ իրենց առջև 17 տարին չբոլորած սկսնակ մի դերասանուհի է։ Նրանք հավատացին, որ դա հենց ինքը Էմիլյա Գալոտտին է՝ գերմանացի դրամատուրգ Լեսինգի պիեսի հերոսուհին։ Բարի, անկեղծ, դյուրահավատ աղջիկը փրկության ելք էր փնտրում գլխին թափված դժբախտություններից։

Հանդիսատեսները միանգամից ու ընդմիշտ սիրեցին Երմոլովային և նրա հերոսուհիներին՝ նրանց հավատարիմ, վեհ հոգու և ուժեղ կամքի համար։ Ցասումով էր հնչում նրա ձայնը, աչքերից կրակ էր ցայտում, երբ նա խաղում էր ֆրանսիացի հայրենասեր Ժաննա դ'Արկի դերը։ Զինավառ աղջիկը ժողովրդին պայքարի էր կոչում ընդդեմ զավթիչների։ Այդ ժամանակ Ռուսաստանում հասունանում էին հեղափոխական իրադարձություններ, և թատրոնի վերնասրահն զբաղեցնող երիտասարդությանը թվում էր, թե Երմոլովան դիմում