Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/44

Այս էջը հաստատված է

մոտ գտնվող Պետրոդվորեցի զբոսայգին։ 18-րդ դարում Եվրոպայում սկսեցին ստեղծել բնապատկերային զբոսայգիներ, որոնք առաջինը երևան եկան Անգլիայում։ Բնապատկերային զբոսայգիներ ստեղծողները նմանակում էին վայրի, անաղարտ բնությունը։ Այդ զբոսայգիներում գեղանկարչորեն համակցված էին լինում ծառերն ու փոքրիկ բացատները, արահետների երկայնքով աճող ծաղիկները, արհեստական լճակներն ու առվակները։ Այդպիսին են Լենինգրադի մոտ գտնվող Պավլովսկ քաղաքի, Մոսկվայի Իզմայլովյան զբոսայգիները։ Զբոսայգի գցելը մեծ և դժվարին արվեստ է, որը երկարամյա ու քրտնաջան աշխատանք է պահանջում։ Բավական չէ, որ ծառերն ու թփերը դանդաղ են աճում, ամեն մի ծառ ու ծաղիկ էլ իր ձևն ու գույնն ունի։ Դրանք պետք է այնպես տնկել, որ գեղեցիկ խումբ կազմեն և աչք շոյեն։ Վերջերս սկսել են խոշոր քաղաքների շուրջը անտառ-զբոսայգիներ ստեղծել, որոնք, հիմնականում, կուսական բնության անկյուններ են։ Սովետական Միության բոլոր հանրապետություններում կան նաև միանգամայն յուրատեսակ զբոսայգիներ՝ ուրախ ժամանցի կառույցներով, կինոթատրոնով, ընթերցարանով, մարզական և մանկական հրապարակներով։ Դրանք կուլտուրայի և հանգստի զբոսայգիներ են։ Մեր հանրապետության քաղաքներում նույնպես կան գեղեցիկ զբոսայգիներ, ինչպես,օրինակ, 26 կոմիսարների, Ծիծեռնակաբերդի, Հաղթանակի, Կոմերիտմիության, Օղակաձև զբոսայգիները մայրաքաղաք Երևանում, այլ զբոսայգիներ Լենինականում, Կիրովականում, Դիլիջանում և ուրիշ քաղաքներում։