Զգայարաններ
Զգայարանները մարդկանց և կենդանիներին հնարավորություն են տալիս ընկալելու շրջապատող աշխարհը։ Աչքերը տեսնում են, ականջները լսում, քիթն ընկալում է հոտը, լեզուն՝ համը, մաշկն զգում է հպումը։ Աչքը շատ նման է լուսանկարչական փոքրիկ ապարատի։ Եթե նայեք հայելու մեջ, յուրաքանչյուր աչքի կենտրոնում կտեսնեք մի փոքրիկ, սև օղակ։ Դա բիբն է, որի բացվածքով, ինչպես լուսանկարչական ապարատի օբյեկտիվով, անցնում են լույսի ճառագայթները, և աչքի ներքին մակերևույթին հայտնվում է մեր առջև գտնվող առարկայի փոքրածավալ պատկերը։ Բնությունը հոգատարությամբ պահպանում է տեսողության օրգանը։ Հոնքերի թավ ցանկապատը փակում է ճակատից հոսող քրտինքի ճանապարհը, արտևանունքների խիտ պատնեշը «որսում» է քամու բերած փոշին։ Իսկ թե մի քանի փոշեհատիկ էլ ընկնում է աչքի մեջ, հոգ չէ, անընդհատ թարթող և ներսից խոնավ կոպերը լիզում մաքրում են դրանք, ինչպես ավտոմոբիլի ճակատային ապակու մաքրիչները սրբում են անձրևը կամ ձյունը։ Իսկ երբ որևէ առարկա հայտնվում է աչքի համար վտանգավոր հեռավորության վրա, կոպերն ինքնաբերաբար ավելի արագ են փակվում, քան մենք կմտածեինք այդ մասին։ Մենք լսում ենք ականջներով։ Գլխի կողքերին տեղավորված ականջախեցիները օգնում են հասկանալու, թե որ կողմից է տարածվում ձայնը։ Ականջախեցու կենտրոնում կա մի փոքրիկ անցք, որով ձայնը թափանցում է ականջի անցուղի և հայտնվում... փակուղու առջև, ձայնի ճանապարհը փակում է նուրբ ու ճկուն թմբկաթաղանթը։ Ձայնը տատանում է թմբկաթաղանթը, և սա այդ տատանումները փոխանցում է միջին ականջին։ Բայց միջին ականջն էլ դեռ ոչինչ «չի լսում»։ Ձայնից տատանվում են նրա երեք փոքրիկ ոսկրիկները միայն՝ մուրճիկը, սալը և ասպանդակը, որոնք իրենց տատանումները հաղորդում են ներքին ականջի մեջ գտնվող հեղուկին։ Ներքին ականջն էլ հենց ընկալում է ամեն մի ձայն և հաղորդում այն գլխուղեղին։ Հոտն զգում է քիթը։ Երբ մենք ուզում ենք որևէ բան հոտոտել, քթանցքերով օդ ենք ներշնչում։ Օդն անցնում է քթից ներս, շարժվում նրա ոլորապտույտ խորշերով և հոտի մասին հաղորդում քթի ներքին թաղանթը պատող զգայական կետերին։ Սրանք էլ այդ տեղեկությունները հաղորդում են գլխուղեղին։ Բայց դուք, հավանաբար, չեք էլ ենթադրում, որ քիթը միաժամանակ և՛ զտիչ է, և՜ վառարան, և՜ պարեկ։ Քթի խոռոչի ոլորապտույտ խորշերը պատած են բազմաթիվ մազիկներով։ Դրանք անընդհատ տատանվում են, ինչպես խոտը քամուց, և օդի հետ քթի ներսն անցած փոշեհատիկներն ու մանրէները (սրանց մի մասը կարող են հիվանդության հարուցիչներ լինել) կպչում մնում են նրանց վրա ու չեն թափանցում օրգանիզմ։ Փոշոտ ճանապարհ անցնելուց հետո փորձեք թաշկինակով սրբել քիթը։ Թաշկինակի վրա մնացած մուգ կեղտաբիծը ցույց կտա, թե որքան փոշի է հավաքել ձեր «զտիչը» և թույլ չի տվել թափանցելու թոքը։ Իսկ ինչո՞ւ է քիթը վառարան։ Քթի ներքին մակերևույթը պատած է լորձաթաղանթով, ուր բազմաթիվ արյունատար անոթներ կան։ Դրանցով հոսում է տաք արյունը։ Այդ պատճառով էլ քթի նեղ խորշերում ջեռոցի պես տաք է։ Քթախորշերում հասցնում է տաքանալ նույնիսկ ամենասառն օդը։ Այդ կերպ քիթը մեզ պաշտպանում է մրսելուց։ Իսկ հիմա պատմենք, թե ինչո՞ւ քիթն անվանեցինք օրգանիզմի պարեկ։ Լորձաթաղանթում գտնվող արյունատար անոթները շատ-շատ են, դրա համար էլ նրա ծավալը կարող է փոխվել։ Երբ անոթների պատերը կրճատվում են, լորձաթաղանթը