հրապարակախոսական կրակոտ ելույթներով նա արթուն էր պահում ճնշվածների ապրելու ու պայքարելու տենչերը։ Այնքան մեծ էր նրա հեղինակությունը, որ 1908 թ. ընտրվում է թուրքական պառլամենտի անդամ։ Նշանավոր գրողն ու հրապարակախոսը իրեն հատուկ հետևողականությամբ պառլամենտում հանդես էր գալիս իբրև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, համարձակորեն մերկացնում էր թուրք պաշտոնյաների կամայականությունները, դատապարտում հետամնացությունը։
Վրա հասավ 1915 թ` հայ ժողովրդի պատմության մեջ ամենաեղերական տարեթիվը։ Թուրքական կառավարությունը որոշեց արևմտահայությանը տեղահանել իր հայրենի բնօրրանից և հիմնովին բնաջնջել։ Զոհրապը հնարավորություն ուներ հեռանալու Թուրքիայից և դրանով իսկ խուսափելու կոտորածից։ Բայց նա գերադասեց մնալ իր ժողովրդի հետ և գործադրեց ամեն ջանք՝ կանխելու հրեշավոր ոճրագործությունը, բայց ավաղ... Շուտով նրան էլ ձերբակալեցին, աքսորեցին ու գազանաբար սպանեցին։
Հայ գրականության լավագույն էջերից են Զոհրապի նորավեպերը: Զուր չէ, որ նրան կնքել էին «նորավեպի իշխան» պատվանունով։ ... Ծովի ալիքների վրա օրորվում է խեղդված Հուսեփը։ Նրա վզից կախված է «ճիտին պարտքը»՝ մի մեծ պայուսակ, որով ամեն օր ուտելիք էր տանում իր երկու մանկահասակ աղջիկներին։ Պայուսակի մեջ քար լցնելով ու վզին կապելով` նա իրեն նետում է ծովը, որովհետև այլևս չի կարող հաց վաստակել։ Ալիքների մեջ «մեծ, մեծ բացված, կարծես զարմացած աչքերով» նայում է վեր, արծաթե կլոր դրամի պես փայլող լուսնին։ «Ճիտին պարտքը» կոչվող այս և մյուս հրաշալի նորավեպերում՝ «Այինկա», «Փոստալը», «Այրին», «Թեֆարիկ», «Ռեհան», «Զաբուղոն», «Առջի սեր, առջի բարի» և այլն, հեղինակը ցավով պատմում է «փոքր», հասարակ մարդկանց ողբալի վիճակի մասին։ Նրա հերոսները կյանքում իրենց տեղը չգտած աշխատավոր մարդիկ են, «լուռ ցավերի» (այդպես է խորագրել Զոհրապն իր ժողովածուներից մեկը) մարդիկ՝ իրենց տխուր առօրյայով ու անհույս ճակատագրով։ Զոհրապի նորավեպերը իր ժամանակի կյանքի հայելին են ու ճշմարիտ վկայությունը։ Գրողի շատ երկեր թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և արժանացել բարձր գնահատանքի։
Գրող, հրապարակախոս, իրավագետ, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը հարազատ ժողովրդին նվիրեց ոչ միայն իր խոսքն ու գործը, այլև կյանքը։
Զորյան Ստեփան Եղիայի
Սովետահայ ականավոր գրող Ստեփան Զորյանը (իսկական ազգանունը՝ Առաքելյան) ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Կիրովական), այն գողտրիկ, կանաչ քաղաքում, որի «մի կողմը անտառ է, մյուս կողմը՝ սարեր, ետևը՝ սարեր, առաջը՝ սարեր...»։
Մանկությունից վառ տպավորված Լոռվա չքնաղ բնությունն ու տեղի պարզ մարդկանց է նա պատկերել իր շատ պատմվածքներում։ Անդրանիկ ժողովածուն՝ «Տխուր մարդիկ» խորագրով, լույս է տեսել 1918 թ.։
Նախնական կրթությունը ծննդավայրի դպրոցներից մեկում ստանալուց հետո Զորյանը տեղափոխվում է Թիֆլիս (Թբիլիսի), ուր աշխատում է և զբաղվում ինքնակրթությամբ։ Նա մոտիկից ծանոթ էր Նար-Դոսի, Ա. Շիրվանզադեի, Վ. Տերյանի, Հովհ. Թումանյանի հետ։ Թումանյանն է եղել նրա առաջին քաջալերողներից ու տաղանդը գնահատողներից մեկը։
1919 թ. Զորյանը հաստատվում է Երևանում։ Գրողին ճանաչում են բերում «Ցանկապատ» և «Պատերազմը» պատմվածքների