Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/48

Այս էջը հաստատված է

ժողովածուները։ «Պատերազմը» պատմվածքի գլխավոր հերոսը մաճկալ Դավիթն է, որին իր նման շատերի հետ պատերազմ են տանում։ Այնտեղից նա վերադառնում է հաշմանդամ դարձած։ Նա այլևս չի կարող վարուցանք անել։ Եվ Դավիթն ըմբոստանում է պատերազմի ու դաժան իրականության դեմ։ Զորյանը մնայուն գործեր ունի թե՛ մեծերի, թե՛ պատանիների և թե՛ մանուկների համար։ Թվարկենք մի քանիսի վերնագրերը՝ «Գրադարանի աղջիկը», «Սև Սեթոն», «Կարմիր արագիլը», «Հեղկոմի նախագահը», «Պապ թագավոր», «Հայոց բերդը», «Վարազդատ»։ Պատանիների ամենասիրելի գրքերից է «Մի կյանքի պատմություն» ինքնակենսագրական վեպը։ Իսկ «Շամոն», «Դեկոն», «Ճանապարհորդ Ջեկոն», «Շեկոն» և հրաշալի ուրիշ պատմվածքներ գրված են հենց ձեզ համար։ Զորյանը ձեզ համար նաև ժողովրդական հեքիաթներ է մշակել, որոնք լույս են տեսել առանձին գրքով։ Դուք կարող եք գրադարանից վերցնել այն ու կարդալ։ Բնությունն ու գյուղական կյանքը գրողը պատկերել է այնպիսի հյութեղ լեզվով, որ թվում է, նստած ես Լոռվա զովաշունչ անտառում, ունկնդրում ես մարդկանց պարզամիտ զրույցները, ծառերի սոսափը, գլգլան աղբյուրների երգը։ Հոգիդ լցվում է վեհությամբ, և ուզում ես լսել բնության անվերջանալի հեքիաթը։ Եվ հարստանում ես, զորեղանում... Զորյանը Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր։ Նրա ստեղծագործությունները թարգմանված են մի շարք լեզուներով։ Զորյանը նաև հմուտ թարգմանիչ էր։ Նա հատկապես ձեզ համար հայերեն է հնչեցրել Ի. Տուրգենևի «Մումու», լեհ գրող Հենրիկ Սենկևիչի «Երաժիշտ Յանկոն», ամերիկացի կին գրող Հարիետ Բիչեր-Սթոուի «Քեռի Թոմասի տնակը», Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», Լ. Տոլստոյի «Ֆիլիպոկ» և այլ ստեղծագործություններ։ Մեր հանրապետությունում սահմանվել է Զորյանի անվան մրցանակ, որ տրվում է մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների հեղինակներին։

Զվարթնոց

Երևան–էջմիածին ավտոմայրուղու ձախ կողմում կա մի կոթող-ուղեցույց, որն ստեղծել են տաղանդավոր արվեստագետներ Ե. Քոչարն ու Ռ. Իսրայելյանը։ Բարձր պատվանդանին խրոխտ կեցվածքով թառել է քարե արծիվը, իսկ նրա ներքևում փորագրված է «Զվարթնոց»։ Եթե քայլես կոթողի մոտից սկիզբ առնող ճանապարհով, կհասնես ինչ-որ փլատակների։ Դրանք պատերի 1-2 շարքեր են, բեկված սյուներ, խոյակներ, խճանկարի ու որմնանկարի մնացորդներ։ Միջնադարյան հայ ճարտարապետության սքանչելի կառույցներից մեկի՝ Զվարթնոցի տաճարի, ավերակներն են քո առջև։ Այդ վիճակում էլ նրանք այնքան տպավորիչ են ու վեհաշուք, որ ակամայից խորին հարգանքով ու երախտագիտությամբ ես համակվում արվեստի այդ հրաշալիքն արարած մեծաքանքար վարպետների հանդեպ։ Զվարթնոցի տաճարը, որը կոչվել է նաև Սուրբ Գրիգոր, ինչպես նաև նրանից ոչ հեռու գտնվող կաթողիկոսական պալատը, կառուցել է տվել Հայոց Ներսես Գ. Շինող կաթողիկոսն իր գահակալության տարիներին՝ 641 -661 թվականներին։ Տաճարը երկար կյանք չի ունեցել։ 10-րդ դարի վերջերին այն կործանված էր արդեն։ Եվ հայ պատմիչների՝ մեզ հասած վկայությունները կմնային միայն, եթե 20-րդ դարի սկզբին Թ. Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները չբացվեին հողի