հետագայում զվարթնոցատիպ տաճարներ են կառուցվել Հայաստանի շատ բնակավայրերում։ Մենք գորովանքով ենք պահպանում Զվարթնոցի ավերակները, նրա անունով կնքում օդանավակայան, հանդես, հասարակական շինություն ու արտադրանք։ Ամեն տարի Սովետական Հայաստան այցելող հազարավոր զբոսաշրջիկներ են լինում Զվարթնոցում, սքանչանում նրա վեհաշուք ավերակներով` հիացմունքի խոսքեր հղելով հայ ժողովրդի մեծագործ քանքարին, իսկ հուշարձանի մոտ կառուցված թանգարանում ծանոթանում պեղումներից հայտնաբերված նյութերին։ Զվարթնոցի մասին ժողովուրդը մի շարք զրույցներ է հյուսել, այն ներկայումս էլ ոգեշնչման աղբյուր է մեր շատ գրողների, բանաստեղծների, նկարիչների համար։ Օգտագործելով ժողովրդական մի զրույց` նրա մասին գեղեցիկ բալլադ է գրել բանաստեղծ Գ. Սարյանը՝ «Փառքի տաճարը» վերնագրով։
Զրահակիր
Արգենտինայի գյուղերում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են երեխաները խաղում ինչ-որ պինդ գնդերով։ Իսկ երբ նրանք ձանձրանում են խաղից և հանգիստ թողնում գունդը, այն ինքն է հանկարծ սկսում շարժվել։ Սկզբում գունդը ձգվում երկարում է, ապա հայտնվում է նեղ ու երկար դնչիկով գլուխը, հետո՝ հզոր ճանկերով կարճլիկ ոտքերը և, վերջապես, պոչը։ Գունդը փոխակերպվում է մոտ մեկ մետր երկարություն ունեցող զվարճալի, ծանրաշարժ կենդանու։ Այդ կենդանին զրահակիրն է՝ Հարավային և Կենտրոնական Ամերիկայի տափաստանների, անապատների ու սավաննաների բնակիչը։ Նրան այդպես են անվանում, որովհետև մարմինը պատած է զրահի պես ամուր թիթեռիկներով։ Վերահաս վտանգն զգալիս զրահակիրը չի փախչում, որովհետև չափազանց դանդաղաշարժ է, չի կծում, որովհետև ատամները շատ թույլ են, չի էլ ճանկռոտում, որովհետև նրա ճանկերը հարմարեցված են փորելու համար։ Նա ոզնու պես կծկվում է, դառնում ամուր, բոլոր կողմերից լավ պաշտպանված մի գունդ։ Երբեմն էլ, զգալով վտանգը, արագ-արագ փորում է հողը և ճարպկորեն թաքնվում այնտեղ։ Երբ վտանգն անցնում է, գազանիկն աստիճանաբար բացվում է կամ դուրս է գալիս հողից և անշտապ գնում կեր գտնելու։ Սնվում է նա մանր կենդանիներով, միջատներով ու դրանց թրթուրներով, որդերով, փափկամորթներով։ Եթե համեղ արմտիք էլ պատահի, չի հրաժարվի։ Այդպես զրահակիրը թափառում է ողջ գիշերը, իսկ երբ ծագում է արևը, մտնում է իր թաքստոցն ու քնում մինչև երեկո։ Մարդկանց ձեռքն ընկած զրահակիրն արագորեն ընտելանում է նրանց ու միանգամայն ձեռնասուն դառնում։