Զրո
«Իսպանական քանի՞ դրոշմանիշ ունես» հարցին կարելի է լսել տարբեր պատասխաններ` տաս, հինգ, զրո։ Յուրաքանչյուր պատասխան խոսում է դրոշմանիշերի միանգամայն որոշակի թվի մասին։ «Զրո» պատասխանը նշանակում է, որ պատասխանողն իսպանական ոչ մի դրոշմանիշ չունի։ Այսպես, ուրեմն, զրոն թիվ է, որը հանդիպում է առարկաները հաշվելիս։ Պարզ է, որ հաշվելիս զրոյից ավելի փոքր թիվ չի կարող ստացվել։ Այժմ նայեք օդի ջերմաստիճանը չափող սարքին՝ ջերմաչափին։ Նրա վրայի զրոն ցույց է տալիս այն ջերմաստիճանը, որի դեպքում հալվում է մաքուր սառույցը։ Զրոյից դեպի վեր նշանակված են տաքության, դեպի ներքև՝ ցրտի աստիճանները։ Հասկանալի է, որ 10 աստիճան տաքությունն ավելի բարձր է (կամ մեծ), քան 0 աստիճանը, իսկ 0 աստիճանը՝ ավելի բարձր (կամ մեծ), քան 10 աստիճան ցուրտը։ Նշանակում է, եթե թվերն օգտագործենք չափման համար, կարող է այնպես պատահել, որ զրոն դադարի ամենափոքր թիվը լինելուց, այսինքն՝ կգտնվեն զրոյից փոքր թվեր ևս։ Հայերենի մեջ «զրո» բառն անցել է արաբերեն «սիֆր» բառից, որ նշանակում է «դատարկ»։ Բայց այժմ մենք գիտենք, անշուշտ, որ բազմանիշ թվեր գրելու համար 0 թվանշանը նույնքան կարևոր է, որքան մնացած ինը թվանշանները՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։