Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/54

Այս էջը հաստատված է

Էդիսոն Թոմաս Ալվա

Նյու Յորքում հրատարակվող գիտական ամսագիր խմբագրի առանձնասենյակ մտավ բարձրահասակ մի մարդ և նրա գրասեղանին դրեց մի փոքր ապարատ. –Չէի՞ք կամենա արդյոք, պարո՛ն, ծանոթանալ մի նոր գյուտի։ Գյուտարարը լռելյայն պտտեց բռնակը, ապարատն սկսեց երգել «Մեր Մերին գառնուկ ունի» մանկական երգը։ Խմբագիրը զարմանքից քար կտրեց։ Իսկ հաջորդ առավոտյան թերթերն արդեն ազդարարում էին Էդիսոնի՝ «Մենլո-պարկի հրաշագործի», նոր, արտասովոր գյուտի մասին։ Գյուտարարի՝ Նյու Յորքի արվարձանում՝ Մենլոպարկում, գտնվող լաբորատորիան տեղ ու դադար չուներ այցելուներից։ Պատճառն այն էր, որ ձայնի գրանցման և վերարտադրման՝ Էդիսոնի հորինած սարքը երևան էր եկել այնպիսի մի ժամանակ, երբ ոչ ոքի մտքով չէր էլ անցնում, թե հնարավոր է «վերաստեղծել» մարդու ձայնը։ Այդ սարքը բոլոր գրամոֆոնների, պատեֆոնների նախահայրն էր, մագնիտոֆոնի ու հնչյունային կինոյի «պապը»։ Այսպես կյանք մտավ ձայնագրությունը։ Դա 1877 թ. էր։ Թոմաս Ալվա Էդիսոնը մանկուց տարված էր ընթերցանությամբ։ Սիրում էր, առանձնապես, քիմիայի և ֆիզիկայի վերաբերյալ գրքերը։ Նա ոչ միայն կարդում էր, այլև աշխատում փորձով ստուգել այն ամենը, ինչ իմանում էր գրքերից։ Փորձերի համար փող էր հարկավոր, և պատանի Էդիսոնը լրագրավաճառ դարձավ գնացքում։ Բեռնատար վագոնում նա մի լաբորատորիա էր սարքավորել և փորձեր էր անում։ Բայց մի անգամ լաբորատորիայում հրդեհ բռնկվեց, և վագոնն այրվեց։ Պատանի գյուտարարն ստիպված էր հեռանալ աշխատանքից։ Էդիսոնը սովորեց հեռագրական գործը և հեռագրիչ դարձավ։ Առաջվա նման ողջ ազատ ժամանակը և համարյա բոլոր փողերը պատանին ծախսում էր գրքերի, սարքերի, քիմիական նյութերի վրա։ Շուտով Էդիսոնը սկսեց գյուտեր անել։ Հորինեց ԱՄՆ-ի կոնգրեսի քվեների ավտոմատ հաշվիչ, բայց այդ հնարամիտ մեքենան ոչ ոքի չհետաքրքրեց։ Երկրորդ հայտնագործությունն ավելի հաջողակ էր։ Դա բորսայում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատ էր։ Էդիսոնը դրա համար մեծ գումար ստացավ։ Շուտով նա Մենլո-պարկում հողակտոր գնեց, լաբորատորիա ստեղծեց և ամբողջովին նվիրվեց գյուտարարությանը։ Էդիսոնը կատարելագործեց էլեկտրական լամպը՝ նրան կոթառ հարմարեցրեց, հնարեց անջատիչը, էլեկտրաէներգիայի հաշվիչը, էլեկտրալարերի ողջ համակարգը։ Հրաշալի գյուտարարը ստեղծեց էլեկտրակայանների՝ այն ժամանակների համար ամենահզոր գեներատորները։ Էդիսոնը կատարելագործեց հեռագրությունը։ Հայտնագործեց մի զույգ հաղորդալարով միանգամից երկու կամ նույնիսկ չորս հեռագիր հաղորդելու եղանակը։ Էդիսոնը կատարելագործեց նաև հեռախոսը՝ հաղորդվող ձայնը դարձնելով ավելի բարձըր, պարզ ու հստակ։ Նա կառուցեց աշխարհում առաջին էլեկտրական երկաթուղին, ստեղծեց ալկալիական կուտակիչը, մշակեց երկաթի հանքաքարի հարստացման եղանակ։ Էդիսոնն օրական աշխատում էր 18-20 ժամ և այդպես՝ մինչև իր երկարատև կյանքի վերջը՝ 84 տարեկան հասակը։ Նրա աշխատանքները ողջ մարդկության սեփականությունն են։

Էլեկտրակայան

Օր ու գիշեր հաղորդալարերով էլեկտրական հոսանք է վազում։ Այն անհրաժեշտ է գործարանում և անասնապահական ֆերմայում, գնացքում, ինքնաթիռում, հեռախոսակայանում։ Ամենուրեք դուք կարող