Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/55

Այս էջը հաստատված է

եք տեսնել էլեկտրաշարժիչներ, էլեկտրասարքեր կամ պարզապես էլեկտրական լամպեր։ Իսկ որտեղի՞ց է հայտնվում էլեկտրական էներգիան։ Այն արտադրում են էլեկտրակայաններում տեղադրված հատուկ մեքենաները՝ էլեկտրական հոսանքի գեներատորները։ Լինում են տարբեր գեներատորներ՝ և՛ փոքր, որոնց էներգիան բավարարում է միայն մի սենյակ լուսավորելու համար, և՛ հսկա գեներատորներ, որոնք կարող են էլեկտրաէներգիա տալ մեծ քաղաքին։ Որպեսզի գեներատորն էլեկտրական հոսանք տա, հարկավոր է, որ այն պտտվի և, անշուշտ, ոչ թե գեներատորն ամբողջությամբ, այլ նրա միայն մի մասը՝ ռոտորը։ Մեծ գեներատորի ռոտորը հարյուրավոր տոննաներ է կշռում, և նրան պտտում է հատուկ մեքենան՝ տուրբինը։ Ամեն մի տուրբին ունի թիակներով կամ թևերով աշխատանքային անիվ։ Շոգու, շիկացած գազի կամ ջրի շիթը թափով հարվածում է տուրբինի աշխատանքային անիվի թիակներին և տուրբինին, իսկ նրա հետ նաև` գեներատորի ռոտորին, հարկադրում պտտվելու։ Եթե ջրի շիթն է պտտում տուրբինը, այդ տուրբինն անվանում են հիդրավլիկական, իսկ այն էլեկտրակայանը, ուր այդպիսի տուրբիններ են տեղադրված, հիդրոէլեկտրակայան կամ, կրճատ, ՀԷԿ։ Ջերմային էլեկտրակայանում (ՋԷԿ) շոգին է պտտում տուրբինը, իսկ գազատուրբինային էլեկտրակայանում՝ շիկացած գազերի շիթը։ Հիդրոէլեկտրակայանները կառուցում են, սովորաբար, մեծ, ջրառատ գետերի վրա, ինչպիսին են, օրինակ, Վոլգան, Դնեպրը, Ենիսեյը, կամ լեռնային գետերի վրա. օրինակ, Նուրեկ գետի վրա կառուցվել է Նուրեկի ՀԷԿ-ը։ Վեց հիդրոէլեկտրակայանների մի ամբողջ համալիր է կառուցված մեր հանրապետությունում, Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետի վրա, և կոչվում է Սևան-Հրազդան կասկադ։ ՀԷԿ-ի շենքը, ամբարտակը, նավարկելի ջրանցքները բարդ ու թանկ արժեցող կառույցներ են։ ՋԷԿ-ի համար ամբարտակներ ու ջրամբարներ չեն պահանջվում, և այն կարելի է կառուցել ամեն տեղ։ Բայց ՋԷԿ-ը միշտ վառելիքի կարիք ունի, որպեսզի հնարավոր լինի ջուրը տաքացնել ու շոգի ստանալ։ Իրար ետևից սլանում են ՋԷԿ-ի համար ածուխ տանող գնացքները։ Իսկ, այ, ատոմային էլեկտրակայանում (ԱԷԿ) շատ քիչ, և այն էլ առանձնահատուկ, վառելիք է պահանջվում։ Մի ամբողջ վագոն ածխի փոխարեն հարկավոր է ընդամենը 10 գ ատոմային վառելիք։ Ինչպես և ջերմային էլեկտրակայանում, ատոմային էլեկտրակայանում էլեկտրագեներատորները պտտման մեջ են դրվում շոգետուրբինների միջոցով։ Բայց այնտեղ չկան ոչ ածխի ու գազի հնոցներ և ոչ էլ շոգեկաթսա։ Շոգի ստանալու համար օգտագործվող ջերմությունն