Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/56

Այս էջը հաստատված է

անջատվում է ատոմային ռեակտորում (որն ԱԷԿ-ի սիրտն է)՝ միջուկային ռեակցիայի հետևանքով։ Միջուկային ռեակցիան կարելի է համեմատել անընդհատ կրկնվող փոքր ատոմային պայթյունների հետ:Բայց դրանք խաղաղ պայթյուններ են: Ռեակտորը հուսալիորեն շրջափակում են բետոնե հաստ պատերով։ Ավտոմատ սարքերն անընդհատ վերահսկում են միջուկային ռեակցիան։ Անհրաժեշտության դեպքում այն կարելի է արագորեն դադարեցնել։ ԱԷԿ-ում աշխատելն ավելի վտանգավոր չէ, քան սովորական ՋԷԿ-ում։ Աշխարհում առաջին ԱԷԿ-ը կառուցվել է ՍՍՀՄ-ում։ ԱԷԿ է կառուցվել նաև Հայկական ՍՍՀ-ում։ Գիտնականներն ու ինժեներները որոնում են էլեկտրաէներգիայի նորանոր աղբյուրներ։ Հնարավոր չէ՞, օրինակ, աշխատեցնել ծովային մակընթացություններն ու տեղատվությունները, հարկադրել, որ ծովը պտտեցնի էլեկտրակայանների տուրբինները։ Պարզվում է, որ հնարավոր է։ Այդպիսի էլեկտրակայաններ արդեն աշխատում են. դրանք անվանում են մակընթացային էլեկտրակայաններ կամ ԱԷԿ։ Այդպիսի մի ԱԷԿ կառուցվել է ՍՍՀՄ-ում։ Միլիարդավոր տարիներ շռայլ Արեգակն իր ճառագայթներն ուղարկում է Երկիր։ Արեգակի լույսը նույնպես էներգիա է։ Եվ մարդիկ սովորել են այն փոխակերպել էլեկտրական հոսանքի։ Այդ նպատակով ստեղծվել են կիսահաղորդիչներ ունեցող հատուկ սարքեր` լուսատարրեր։ Դրանք միավորում և ստանում են այսպես կոչված արևային մարտկոցներ։ Այդ մարտկոցները դեռևս թանկ արժեն և Երկրի վրա հազվադեպ են գործածվում։ Բայց հենց այդ մարտկոցներն են, որ էլեկտրաէներգիա են տալիս տիեզերանավերին ու Երկրի արհեստական արբանյակներին:

Էլեկտրականություն

Շլացուցիչ բռնկում, կայծակի հրեղեն զիգզագ երկնքում, որոտի ճայթյուն։ Հազարամյակներ շարունակ մարդիկ ականատես են եղել բնության այս ահեղ երևույթներին, չեն հասկացել և դրա համար էլ վախ են ապրել։ Կայծակն ուսումնասիրելու փորձերը հաճախ ողբերգական վախճան էին ունենում։ Այսպես, 1753 թ. փորձերի ժամանակ կայծակի հարվածից զոհվեց ռուս ֆիզիկոս Դ. Վ. Ռիխմանը։ Եվ մեզանից հարյուր տարի առաջ միայն մարդիկ սովորեցին օգտագործել բնության էլեկտրական ուժերը, էլեկտրականությանը հարկադրեցին ծառայել իրենց։ Իսկ ի՞նչ իմացան մարդիկ էլեկտրականության մասին։ Բնության մեջ կան լիցքավորված մանրագույն մասնիկներ (լիցքավորված մասնիկների մասին դուք կարող եք կարդալ «Ատոմ» զրույցում)։ Մասնիկների մի մասն ունի դրական, մյուսը` բացասական լիցք։ Բացասական լիցքով ամենափոքր մասնիկերն էլեկտրոններն են։ Սրանք ընդունակ են շարժվելու մետաղե հաղորդիչների ներսում։ Լիցքավորված մասնիկների հոսքը մի ուղղությամբ գիտնականներն անվանել են էլեկտրական հոսանք։ Դուք տուն եք մտնում, սեղմում անջատիչի կոճակը, և սենյակում իսկույն պայծառ վառվում է էլեկտրական լամպը։ Ինչո՞ւ, որովհետև, սեղմելով անջատիչի կոճակը, դուք իրար միացրիք հաղորդիչները, և նրանցով դեպի լամպը սլացավ էլեկտրոնների հոսքը։ Լամպում մետաղալարե նուրբ թելերից կախված է հատուկ մետաղից՝ վոլֆրամից, պատրաստված պարույրը։ Այդ պարույրը, որը հաճախ լամպի թելիկ են անվանում, ունի մի յուրահատկություն՝ էլեկտրոնները նրա միջով շարժվում են մեծ դժվարությամբ։ Երբ պարույրի միջով էլեկտրոնների հոսք են բաց թողնում, դրանք սկսում են «հրել» այն մետաղի ատոմները, որից պատրաստված է թելիկը, սա վայրկենապես տաքանում է և սկսում լուսարձակել։ Որքան ուժեղ է էլեկտրոնների հոսքը, այնքան ավելի է շիկանում լամպի թելիկը և այնքան ավելի վառ է լուսարձակում։ Ավելի հաստ հաղորդալարից պատրաստված նույնպիսի պարույրներն են տաքացնում էլեկտրական արդուկներն ու սալիկները։ Այս երևույթը (տաքացում էլեկտրական հոսանքով) կիրառվում է նաև գործարանային էլեկտրական վառարաններում մետաղ հալելու համար։ Միայն թե այդ վառարաններում պարույրները պատրաստված են ձեր մատի հաստության մետաղալարից։ Մարդիկ էլեկտրականությանը սովորեցրել են մեկ այլ մասնագիտություն ևս՝ շարժման մեջ դնել մեքենաները։ Մեքենավարը պտտում է հատուկ անջատիչի լծակը, էլեկտրական հզոր շարժիչները շարժման մեջ են դնում էլեկտրաքարշի անիվները, և գնացքն սկսում է սահուն առաջ շարժվել ռելսերով։