Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/57

Այս էջը հաստատված է

Որտեղի՞ց է շարժիչն այդպիսի ուժ ստանում։ Գիտնականները նկատել են, որ եթե երկու զուգահեռ հաղորդալարերով հոսանքները շարժվում են միևնույն ուղղությամբ, ապա հաղորդալարերն իրար ձգում են, իսկ եթե հոսանքներն ունեն հակառակ ուղղություններ, ապա հաղորդալարերը վանում են միմյանց։ Հոսանքակիր հաղորդիչների փոխազդեցության ուժերն են հենց, որ էլեկտրական շարժիչներին հարկադրում են պտտվելու (այդ մասին դուք կարող եք մանրամասն կարդալ «Շարժիչ» զրույցում)։ Էլեկտրական խաղալիքներում դուք, հավանաբար, տեսել եք փոքրիկ շարժիչներ։ Դրանց աշխատանքի համար բավական է և էլեկտրական մեկ մարտկոցից ստացվող հոսանքը։ Իսկ ահա որպեսզի լույս արձակեն միլիոնավոր լամպեր, էլեկտրական հոսանքով սնվեն այն շարժիչները, որոնք շարժում են հաղորդում հաստոցներին ու մեքենաներին, պտտում տրամվայների ու էլեկտրագնացքների անիվները, անհրաժեշտ է մեծ քանակությամբ էլեկտրական էներգիա։ Այդ էներգիան ստանում են էլեկտրակայաններում և էլեկտրահաղորդման գծերով մատակարարում քաղաքներ ու գյուղեր։ Իսկ գիտեք, արդյո՞ք, թե անցյալ դարում ո՞ր հայտնագործությունն ամենից շատ զարմացրեց գիտնականներին։ Այն, որ էլեկտրական էներգիան հաղորդվում է դատարկության մեջ, այսինքն՝ այնտեղ, ուր չկա ոչինչ, ոչ մի մասնիկ, ուր բացարձակապես դատարկ է։ Պարզվեց, որ այդ բացարձակ դատարկության մեջ կա էլեկտրամագնիսական դաշտ էներգիա կրող էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք էլ հենց հաղորդում են էներգիան: էլեկտրականությամբ են աշխատում և ռադիոն, և՜ հեռախոսը, և՜ հեռագրութլունը։ Էլեկտրականության օգնությամբ մետաղե առարկաների մակերևույթը պատում են պաշտպանական պատվածքի նուրբ թաղանթներով. օրինակ, ձեր չմուշկները պատված են քրոմով։ Անհնար է թվարկել տեխնիկայի բոլոր այն բնագավառները, որտեղ օգտագործվում է էլեկտրականությունը։ Այդ բնագավառների թիվն օրեցօր ավելանում է։

Էլեկտրոնային հաշվողական մեքենա

Որքա՞ն ժամանակ է ձեզ հարկավոր, որպեսզի գումարեք, օրինակ, երկու այսպիսի թվեր. 18 473 396 603 007 056 299 և 15 999 742 936 756 201 743։ Հավանաբար, առնվազն մեկ րոպե։ Իսկ չի՞ կարելի, արդյոք, ավելի արագ հաշվել։