Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/58

Այս էջը հաստատված է

Հնագույն ժամանակներից ի վեր մարդիկ այդ նպատակով օգտագործել են զանազան հաշվիչ հարմարանքներ՝ փայտիկներ, պարանի հանգույցներ, մետաղալարին շարված կորիզներ։ 1641 թ. ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Բ. Պասկալը հորինեց մեխանիկական հաշվիչ սարք։ Դրա օգնությամբ Պասկալը մի քանի վայրկյանում գումարում ու հանում էր տասանիշ թվեր։ Սարքը կազմված էր ատամնանիվներից ու լծակներից և նման էր փոքր մեքենայի։ Այդ ժամանակից էլ նման սարքերն անվանում են «հաշվողական մեքենա»։ Առաջին էլեկտրոնային հաշվողական մեքենաները` ԷՀՄ-ները, երևան են եկել 1943 թ.։ Անվակների ու լծակների փոխարեն դրանց մեջ աշխատում էին էլեկտրոնային լամպեր, իսկ ավելի ուշ՝ կիսահաղորդիչներ։ Բայց «հաշվողական մեքենա» անվանումն այդպես էլ մնաց։ Առաջին ԷՀՄ-ները դանդաղ էին հաշվում, մեծածավալ էին, հաճախ էին խափանվում։ Անցավ ընդամենը մի երեսուն տարի, և ԷՀՄ-ները սովորեցին հաշվել աներևակայելի արագությամբ. 1 վայրկյանում մեքենան կարող է գումարել 10 միլիոնից ավելի թիվ։ Փոքրացան նաև չափերը։ Ստեղծվել են, օրինակ, դպրոցական դասագրքի մեծության և ավելի փոքր ԷՀՄ-ներ։ Հաճախակի նորոգումների անհրաժեշտությունն էլ է վերացել, ժամանակակից ԷՀՄ– ներն անխափան աշխատում են հարյուրավոր ու հազարավոր ժամեր։ Ամեն մի աշակերտ գիտե, որ բարդ խնդիրը լուծվում է մի քանի գործողությամբ։ Որքան բարդ է խնդիրը, այնքան շատ գործողություններ է հարկ լինում կատարել և այնքան շատ ժամանակ է պահանջվում։ Բայց կան և այնպիսի խնդիրներ, որոնք լուծելու համար մի մաթեմատիկոսի ողջ կյանքն էլ չէր բավականացնի։ Օրինակ, ատոմային էլեկտրակայանի միջուկային ռեակտորի կառուցվածքի ու աշխատանքային պայմանների հաշվարկը պարունակում է մոտ 6 միլիարդ թվաբանական գործողություն։ Այդ հաշվարկները կատարելու համար 100 մաթեմատիկոս պետք է հաշվումներով զբաղվեին 80 տարի շարունակ՝ աշխատելով օրական 10-12 ժամ։ Իսկ ԷՀՄ-ն նույն հաշվարկն անում է ընդամենը մի քանի ժամում։ Հաճախ ԷՀՄ-ն համեմատում են մարդկային ուղեղի հետ։ Բայց մարդու ուղեղի և ԷՀՄ-ի միջև էական տարբերություն կա. ամենաարդիական ԷՀՄ-ն չի կարող ինքնուրույն