Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/71

Այս էջը հաստատված է

Ըմբշամարտ

Սա սպորտի հնագույն ձևերից է։ Մեր թվականությունից 2500 տարի առաջ նրանով հրապուրվել են եգիպտացիները։ Ըմբշամարտը սիրում էին նաև հին հույները։ Այն ժամանակ ավելի հաճախ մրցում էին ավազապատ հրապարակում։ Ըմբիշների՝ յուղով օծված մարմիններն ավազից դառնում էին ոչ այնքան սայթաքուն, և մրցակիցների համար հեշտանում էր միմյանց բռնելը։

Արևակեզ, բրոնզագույն դյուցազուն ըմբիշները երկար պտտվում էին հրապարակում, ասես ծանր ու թեթև անելով միմյանց ուժը, ապա անսպասելի նետվում գրոհի։ Ամեն ոք ուներ իր սիրած հնարքը։ Մեկը ջանում էր բռնել հակառակորդի ոտքից, մյուսը ձգտում նրա գլուխը սեղմել թևի տակ, երրորդը՝ ցատկել ուսերին։ Հաղթող էր հայտարարվում նա, ում հաջողվում էր հակառակորդի մեջքը, ազդրը կամ էլ ուսը երեք անգամ հպել գետնին։

Ռուսաստանում հնում տարածված էր «գիրկընդխառն» ըմբշամարտը։ Առանց այդպիսի մենամարտերի չէր անցնում ոչ մի ժողովրդական տոնահանդես կամ տոնավաճառ։

Աշխարհում գոյություն ունեն ըմբշամարտի բազմատեսակ հնարքներ, որոնք օգտագործել և օգտագործում են տարբեր երկրների ու ժողովուրդների ըմբիշները։ Դարերից եկող այդ հնարքներից մի քանիսը տեղ են գտել նաև մեր օրերի մարզիկների զինանոցում։

Ահա դասական ըմբշամարտը, որը նախկինում անվանում էին հունահռոմեական։ Այն հիշեցնում է հին հույների ու հռոմեացիների ըմբշամարտը։ Մարզիկները հատուկ համազգեստով կանգնում են գորգի կենտրոնում, միմյանց ձեռք սեղմում և սկսում մենամարտը։ Երկուսի նպատակն էլ նույնն է՝ հակառակորդին ստիպել թիակներով հպվելու գորգին, ինչպես ասում են մարզիկները, «մաքուր» հաղթանակ տանել։ Եթե չի ստացվում, շահում են միավորներով, որոնք տրվում են ամեն մի հաջող կիրառված հնարքի համար։

Անցյալի լավագույն ըմբիշներից էր ռուս դյուցազուն Իվան Պոդդուբնին։ Նա վեց անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Չի եղել մեկը, որ նրա թիակները հպած լինի գետնին։

Ահա և ազատ ըմբշամարտը։ Սկզբում կարող է թվալ, թե նույնն է, ինչ որ դասականը, բայց սոսկ մինչև այն պահը, քանի դեռ մի մարզիկը մյուսին ցած չի գլորել... ոտք գցելով։ Ոտք գցել։ Այո, ի տարբերություն դասական ըմբշամարտի, այստեղ թույլատրվում է հակառակորդին ոտք գցել, գետնից կտրել, բռնել գոտկատեղից ներքև։ Ազատ ըմբշամարտում ևս շատ են տարբեր ժողովուրդներից փոխառված հնարքները։

Ձյու-դո ըմբշամարտը ծնունդ է առել ճապոնիայում։ Ազատ ըմբշամարտից ձյուդոն զանազանվում է նրանով, որ այստեղ թույլատրվում են ցավեցնող և խեղդող հնարքներ: Գոտեմարտը շահելու համար ըմբիշը երբեմն հակառակորդին ցավ է պատճառում՝ ոլորում նրա արմունկի կամ ուսի հոդը, ոտքը, սեղմում ջլերը։ Սամբոն ամբողջությամբ կազմված է Սովետական Միության տարբեր ժողովուրդներից վերցված հնարքներից։ Ղազախը սամբոյում հնարքներ կգտնի ղազախական կուրես ըմբշամարտից, ադրբեջանցին՝ գյուլաշից, վրացին՝ ճիդաոբայից, հայը՝ կոխից, տաջիկը՝ գուշտինգիրիից, իսկ ռուսը՝ «գիրկընդխառն» ըմբշամարտից: «Սամբո» բառը բաղադրյալ է և նշանակում է «ինքնապաշտպանություն առանց զենքի» (самозащита без оружия): Սամբոյի հնարքներն իմացող մարդը կարող է առանց դանակի կամ ատրճանակի հաղթել, նույնիսկ, մի քանի չարագործի և արագ զինաթափել նրանց։ Զուր չէ, որ սամբոյի