Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/73

Այս էջը հաստատված է

Ընդունակություն և տաղանդ

«Մտածում եմ, մտածում, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում լուծել խնդիրը։ Երևի, ես մաթեմատիկայից անընդունակ եմ։ Երանի Արամին, նրա համար ուզածդ խնդիրը դատարկ բան է։ Ո՞նց է դրանց հախից գալիս։ Ախր նա շատ ընդունակ է»,-դասերը պատրաստելիս միշտ այսպես փնթփնթում է Աշոտը։

Գուցե, դու՞ք էլ եք ձեր անհաջողությունները բացատրում ընդունակություններ չունենալով։ Բայց Աշոտը ճիշտ չէ։ Բոլոր դասագրքերն ու խնդրագրքերը կազմված են այնպես, որ յուրաքանչյուր դպրոցական, եթե նա ջանասիրաբար է սովորում և ոչինչ բաց չի թողնում, ունակ է ամեն ինչ հասկանալու և լուծելու բոլոր խնդիրները։

Նշանակում է, նա, ով Աշոտի նման դժվարությամբ է պատրաստում դասերը, առաջ էլ վատ է սովորել, դասերի ժամանակ ուշադրությամբ չի լսել ուսուցիչներին և հիմա պատժվում է։

Մինչդեռ Արամն ամեն նոր դաս սովորել է, ոչինչ բաց չի թողել, և հիմա ամենաբարդ խնդիրն էլ կարողանում է լուծել։ Բացի դրանից, հնարավոր է, որ Արամն, իրոք, մաթեմատիկական լավ ընդունակություններ ունի։

Ընդունակությունները բնության հրաշալի պարգևն են, որոնցով նա օժտում է ամեն մարդու։ Մեկին շատ է բաժին ընկնում, մյուսին քիչ։ Իսկ երրորդն էլ երկար ժամանակ կարծում է, թե ինքն իսպառ զուրկ է որևէ ընդունակությունից, և հանկարծ իր մեջ հայտնաբերում է ամենաանսովոր ունակություններ։ Դրսևորում է, ասենք, գյուտարարի շնորհք, կամ նկարելու ընդունակություն, կամ էլ բանաստեղծական ձիրք։

Իսկ ի՞նչ է տաղանդը։ Դա որևէ բանում, օրինակ, երաժշտության, գեղարվեստական ստեղծագործության, գեղանկարչության մեջ դրսևորվող շատ մեծ ընդունակությունն է։

Բայց տաղանդավոր կարող են լինել ոչ միայն երաժիշտը, բանաստեղծը կամ նկարիչը։ Ընդունակներ և տաղանդավորներ կարող են լինել բոլոր ասպարեզներում:

Յուրաքանչյուր մարդ ունի իր այս կամ այն ընդունակությունը, որը կարելի է լավ զարգացնել աշխատանքով ու հմտությամբ։ Զուր չեն ասում. «Տաղանդը մեծ աշխատասիրությունն է»:

Կապիտալիստական երկրներում աշխատավորները հաճախ հնարավորություն չեն ունենում զարգացնելու իրենց ընդունակությունները։ Նրանք ստիպված են զբաղվել միայն այն աշխատանքով, որի պահանջարկը մեծ է։

Սովետական երկրռւմ ամեն ոք ինքն է իր համար մասնագիտություն և աշխատանք ընտրում։ Կամ էլ զարգացնում է իր ընդունակությունները՝ պարապելով զանազան խմբակներում, սիրած գործին նվիրելով ազատ ժամանակը: Մարդկային ընդունակություններն առանձնապես վառ կդրսևորվեն կամունիզմի ժամանակ:

Ընկուզենի

Ընկուզենին երկրագնդի վրա աճող ամենահնագույն պտղատու ծառատեսակներից է։ Հայաստանում այն աճում ու պտղաբերում է անհիշելի ժամանակներից։

Հզոր, ճյուղատարած ծառ է ընկուզենին։ Այն, ասես, երկարակեցության խորհրդանիշ լինի, ապրում է 300—400 տարի։ Լավ աճում է չափավոր խոնավ, ավազակավային հողերում։ Լուսասեր է և ջերմասեր։ Դիմանում է մինչև 25 աստիճանի ցրտերին։ Բավականաչափ արագ է աճում. 30—40 տարեկան հասակում նրա բարձրությունը կարող է հասնել մինչև 35 մ-ի, իսկ բնի տրամագիծը՝ 2 մ-ի։ Պտղաբերել սկսում է, սովորաբար, 10—12 տարեկանից և շարունակում պտղաբերել մինչև 150—200, երբեմն 300 տարեկանը։ Մեկ ծառը կարող է