Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/76

Այս էջը հաստատված է

ողերը ճիշտ յոթն են, այն տարբերությամբ միայն, որ ընձուղտինը շատ ձգված են։ Առաջին հայացքից ընձուղտը շատ տարօրինակ կենդանի է թվում։ Երկար, ծիծաղելի պարանոցին նստած է երկու մաշկապատ եղջյուրիկներով փոքրիկ գլուխը։ Ոչ ժանիքներ ունի, ոչ էլ մագիլներ։ Առջևի ոտքերը ետևիններից երկար են։ Պոչը մեկ մետր է։ Գույնը դեղին է՝ մուգ շագանակագույն պիսակներով։ Բայց բոլոր ընձուղտները չէ, որ այդպիսին են։ Մոտ հարյուր տարի առաջ Աֆրիկայի անտառներում հայտնաբերվեց մի անսովոր կենդանի։ Տեղացիները նրան օկապի էին անվանում։ Այդ կենդանին ավանակի մեծության է, նուրբ մետաքսանման մազածածկով, ոտքերին՝ սև ու սպիտակ զոլերով։ Պարզվեց, որ օկապին ընձուղտի մոտիկ ցեղակիցն է։ Նրանք երկուսն էլ ունեցել են օկապիին նմանվող ընդհանուր նախահայրեր։ Անտառում կեր հայթայթելու համար առանձնապես բարձրահասակ լինելն անհրաժեշտ չէ։ Պարտադիր չէ նաև սուր տեսողություն ունենալը, որովհետև դժվար թե կարողանաս ծառերի ետևում տեսնել մոտեցող թշնամուդ։ Շատ ավելի կարևոր է սուր լսողությունը։ Անտառում արագ վազելն էլ պարտադիր չէ, կարևորը թաքնվելու և քողարկվելու հմտությունն է։ Իսկ սավաննաներում, ուր ապրում են իսկական ընձուղտները, ամեն ինչ հակառակն է. ծառերի բարձր տերևները գտնելու համար սուր տեսողությունն ավելի անհրաժեշտ է, քան լսողությունը, իսկ թշնամուց պաշտպանվելու համար ավելի կարևորը լավ վազելն է, այլ ոչ թե քողարկվելը։ Երկար ոտքերի ու պարանոցի շնորհիվ բարձր ծառից էլ կարելի է տերև պոկել։ Երկար ոտքերով ավելի հեշտ է գիշատիչներից փախչելը։ Ընձուղտը հեշտությամբ է պոկոտում ծառերի կատարների տերևները, չէ՞ որ այնտեղ դրանք միշտ ավելի թարմ են։ Բարձր հասակը նրան հնարավորություն է տալիս հեռուն տեսնելու և ժամանակին նկատելու գիշատչին։ Պիսակավոր գունավորումն օգնում է քողարկվելու ծառերի ստվերում։ Իսկ երկար ոտքերով նա արշավաձիուց վատ չի վազում։