Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/79

Այս էջը հաստատված է

Թամանյան Ալեքսանդր Հովհաննեսի

Երևանի լավագույն կառույցներից մեկի՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի հյուսիսահայաց կողմի դիմաց կա մի գեղեցիկ փողոց-զբոսայգի, որը մոտ ապագայում աստիճաններով կձգվի կհասնի մինչև Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակը խորհրդանշող հուշասյունը։ Այդ փողոցի սկզբին կանգնած է մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի բազալտակուռ հուշարձանը, իսկ փողոցը կոչվում է նրա անունով: Հայ ժողովրդի արժանավոր զավակի հանճարեղ մտահղացումների ու նախագծումների շնորհիվ փոքրիկ, գավառական քաղաքը դարձավ լայնահուն փողոցներով ու կանաչ պուրակներով գոտևորված մեր այսօրվա գեղեցիկ Երևանը։ Ալ. Թամանյանը ծնվել է Հյուսիսային Կովկասի Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար) քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ռեալական դպրոցում։ Այնուհետև նա ուսումը շարունակում է Պետերբուրգի (այժմ՝ Լենինգրադ) գեղարվեստի ակադեմիայում և 1904 թ. ավարտում այն՝ ստանալով նկարիչ-ճարտարապետի կոչում։ Երկար տարիներ նա ապրում ու աշխատում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ: 1923 թ. Թամանյանը հրավիրվում է Սովետական Հայաստան, Երևան: Թամանյանը Երևան տեղափոխվեց իր ուժերի ծաղկման շրջանում, երբ մի շարք նշանակալից գործերի, օրինակ՝ Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի, Կոչուբեյի (Ցարսկոյե Սելո, այժմ՝ քաղաք Պուշկին) և իշխան Շչերբատովի (Մոսկվա) մենատների հեղինակ էր արդեն և ակադեմիկոսի կոչում ուներ, որն ստացել էր դեռևս 1914 թ: Եկավ ու անմնացորդ նվիրվեց մեր հանրապետության վերակառուցման ու շենացման գործին: Կազմեց քաղաքի գլխավոր հատակագիծը 150 հզ. բնակչի համար, որ այն ժամանակ շատ լուրջ, դժվարին ու խիստ կարևոր գործ էր։ Թամանյանը Երևանի հատակագիծը մշակեց՝ ստեղծելով հետաքրքիր կոմպոզիցիա Մասիս լեռան հետ։ Հիմա էլ դժվար չէ նկատել, որ քաղաքն ամֆիթատրոնի ձևով նայում է դեպի Մասիսները, որոնք, կարծես, դրված են բեմահարթակի վրա։ Թամանյանը նշեց քաղաքի կենտրոնն ու առանցքները՝ հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան։ Նա գլխավոր կառույցները տեղադրեց այնպիսի կետերում, որոնց շուրջը հետագայում հնարավոր լիներ տարածվել, ստեղծել անսամբլներ։ Մինչև կյանքի վերջը Թամանյանը հաճախ անդրադարձել է հատակագծին, վերամշակել, կատարելագործել այն, իսկ 1934 թ. սկսել է կազմել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 հզ. բնակչի համար, որը նրա մահվան պատճառով մնացել է անավարտ։ Թամանյանը կազմել է նաև Լենինականի, Վաղարշապատի (Էջմիածնի), Ստեփանավանի, Նոր Բայազետի (Կամոյի) և այլ բնակավայրերի հատակագծերը։ Հայաստանում Թամանյանի առաջին շենքը Հրազդանի գեղատեսիլ ձորում կառուցված Երևանի հիդրոէլեկտրակայանն էր։ 1926 թ. մայիսի 16-ին Երևանը սպասողական ժամեր էր ապրում, մութն ընկնելուն պես նրա փողոցները պետք է լուսավորվեին հիդրոշինից եկող առաջին հոսանքի զորությամբ։ Քաղաքը տոնում էր լույսի հաղթանակը, լույս, որ այսօր նաև Թամանյանի նախագծերով կառուցված շենքերի մեջ է... Այդ նույն թվականին Թամանյանին շնորհվեց ՀՍՍՀ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչում։ Թամանյանը նաև նկարում էր և մեծ սեր ուներ դեպի գծանկարն ու ջրանկարը, հիանալի