Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/92

Այս էջը հաստատված է

մնալով, դարձել էր խոցելի։ Մի կռվում Աքիլլեսի ախոյան Պարիսը նետահարում է նրա հենց այդ գարշապարը և սպանում նրան։ Այսօր, երբ ուզում ենք նշել որևէ մեկի խոցելի տեղը, օգտագործում ենք «աքիլլեսյան գարշապար» արտահայտությունը։ Հիշատակենք նաև «Գորդյան հանգույց» (անլուծելի, խճճված հարց), «Սիզիփյան աշխատանք» (զուր, անօգուտ աշխատանք), «Ավգյան ախոռ» (ծայրաստիճան կեղտոտ), «Դամոկլեսյան սուր» (մշտապես սպառնացող վտանգ) թևավոր խոսքերը։ Բազմաթիվ թևավոր խոսքեր գալիս են «Աստվածաշնչից». օրինակ, «Բաբելոնյան աշտարակաշինություն», որ նշանակում է անկարգություն, անկազմակերպվածություն։ Վ. Ի. Լենինն իր հոդվածներից մեկը վերնագրել էր «Լավ է քիչ, բայց լավ», և մենք հաճախ ենք գործածում այդ արտահայտությունը, որովհետև այն դարձել է թևավոր։ Թևավոր խոսքերն օժտված են արտահայտչական մեծ հնարավորությամբ, ասելիքը դարձնում են դիպուկ, պատկերավոր, արտահայտիչ, սեղմ ու համառոտ։

Թթենի

Թթենին, որի հայրենիքը համարվում է Չինաստանը, լայն բրգաձև սաղարթով մուգ կանաչ, սրտաձև կամ ձվաձև տերևներով ծառ է, հաճախ նաև` թուփ: Դուք բոլորդ էլ, անշուշտ, հաճույքով եք ճաշակում նրա սպիտակ կամ նուրբ, հյութալի ու համեղ, արժեքավոր մի շարք նյութեր պարունակող հատապտուղները` թութը: Թթից պատրաստում են մուրաբա, դոշաբ, չիր, ստանում օղի, նույնիսկ՝ գինի։ Հնուց հայտնի է նաև թթի բուժիչ հատկությունը։ Արժեքավոր է թթենու ամուր և ճկուն բնափայտը, որը կիրառվում է, հիմնականում, ատաղձագործության, նվագարանների արտադրության մեջ։ Ծերացած ծառերի կեղևից պարաններ են պատրաստում, իսկ երիտասարդ ծառերի կեղևից՝ նուրբ մանվածք և թուղթ։ Տերևներից դեղին ներկ են ստանում։ Տերևները նաև շերամի՝ մետաքսագործ թիթեռի, թրթուրի (շերամորդի) հիմնական կերն են։ Աճելու ընթացքում շերամորդն իր շուրջը հյուսում է մետաքսե ամուր պատյան՝ բոժոժ, որից էլ հետո ստանում են բնական մետաքսաթելը։ Հազարամյակներ առաջ Չինաստանում շերամագործությունը