Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/93

Այս էջը հաստատված է

բարձր զարգացման էր հասել, և չին վաճառականները հարևան երկրներին մեծ քանակությամբ բնական մետաքսե գործվածքներ էին վաճառում։ Դարեր շարունակ չինացիները խնամքով թաքցնում էին բնական մետաքս ստանալու գաղտնիքը, մինչև որ եվրոպացիները խորամանկությամբ, ձեռնափայտի մեջ դրած շերամի գրենաները (ձվերը) տեղափոխեցին Եվրոպա և սկսեցին իրենք ևս բնական մետաքս արտադրել։

Թթենին տաք երկրների բույս է։ Հայտնի է նրա 20 տեսակ, որոնցից երկուսը հաջողությամբ աճում ու պտղաբերում են նաև մեր հանրապետության ցածրադիր գոտու բոլոր շրջաններում։ Վերջին տարիներին մշակվում է նաև բարձր լեռնային մի շարք շրջաններում։ Մեզ մոտ թթենու բարձրությունը հասնում է 15—20 մի, իսկ բնի տրամագիծը 60—80 սմ-ի։

Թթենին բավականին չորադիմացկուն և աղադիմացկուն բույս է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ստվերասեր է։ Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստի միջոցով։ Թթենին Հայաստանում տարածվել է 16-րդ դարից։

Թթվածին

Օդի մեջ կա անգույն, անհոտ, անհամ մի գազ, որը նպաստում է շնչառությանն ու այրմանը։ Այդ գազը թթվածինն է։ Ամեն օր ամբողջ կենդանի բնությունը շնչառության համար հսկայական քանակությամբ թթվածին է ծախսում։ Հապա մեծ և փոքր բազմաթիվ վառարանները թե ջեռուցող, թե արդյունաբերական դոմենյան, մարտենյան, թրծման, որ ամեն տարի վառվում են մեր մոլորակի վրա։

Մենք վաղուց շնչահեղձ կլինեինք թթվածնի պակասից, եթե չլինեին բույսերի կանաչ տերևները։ Երբ արևի ճառագայթներն ընկնում են տերևներին, նրանք օդից կլանում են ածխաթթվական գազը և անջատում թթվածին դրանով իսկ վերականգնելով նրա պաշարը Երկրի մթնոլորտում։

Բայց միայն օդում չէ, որ թթվածին կա։ Միանալով մեկ ուրիշ գազի՝ ջրածնի հետ՝ թթվածինն առաջացնում է ջուր։ Երկրակեղևի յուրաքանչյուր երկրորդ ատոմը թթվածնի ատոմ է։

Դեռևս երկու հարյուր տարի առաջ մարդիկ անտեղյակ էին թթվածնի գոյությանը։ Միայն 1770 թ. քիմիկոսներն առաջին անգամ հայտնագործեցին, որ որոշ նյութեր տաքանալիս անջատում են այնպիսի մի գազ, որի մեջ, ինչպես օդում, այրվում է մոմը։ Ֆրանսիացի գիտնական Անտուան Լավուազիեն հայտնագործեց, որ այդ գազն ակտիվորեն մասնակցում է կծու հեղուկների՝ թթուների գոյացմանը։ Դրա համար էլ Լավուազիեն այն անվանեց «օքսիգենիում» լատիներեն բառով, որ նշանակում է «թթուներ ծնող», «թթվածին»։

Թիավարություն

Շա՜տ վաղուց են գետերի, լճերի և ծովերի ափերին բնակած մարդիկ սովորել տեղից տեղ փոխադրվել ջրով։ Սկզբում նրանք լողում էին գերանների օգնությամբ, թիավարում ձեռքերով։ Հարյուրամյակներ անցան, մինչև որ երևան եկան իսկական մակույկներն ու թիերը։

Մարդկությանը հայտնի ամենահին մակույկները բայդարկաներն ու կանոեներն են։ Գալարապտույտ ու փոթորկալից գետերի վրա նավարկում էին կանոեով, որը շատ թեթև, թիավարի յուրաքանչյուր շարժումին հնազանդ մակույկ է։ Ժամանակին դրանցով էին նավարկում Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները։ Այժմ կազմակերպվում են մեկտեղանի և երկտեղանի կանոեներով թիավարության մրցումներ։ Մի ծնկին հենված՝ թիավարը ձեռքի փայտե բահանման թիով միաժամանակ և՜ թիավարում է, և ղեկավարում մակույկը։

Բայդարկան միանգամայն այլ տեսակի մակույկ է։ Վաղ անցյալում լճերով ու ծովերով ափամերձ գոտիներում բայդարկաներով նավարկում էին Հյուսիսի բնակիչները։ Թիավարը նստում է բայդարկայի հատակին,