դեմքով՝ առաջ, երկու ծայրերին էլ թիաբերաններ ունեցող թին բռնած։ Երբ մի թիաբերանն ընկղմվում է ջրի մեջ, մյուսը դուրս է գալիս ջրից։ Բայդարկաները լինում են մեկ, երկու կամ չորս տեղանի։ Մի շարք երկրներում, ուր հոսում են արագահոս լեռնային գետեր, կազմակերպվում են բայդարկաներով ու կանոեներով ջրային սլալոմի մրցումներ։ Ինչպես դահուկային սլալոմը, ջրային սլալոմը ևս մեծ վարպետություն և արիություն է պահանջում։ Ջրային զբոսանքների համար սովորաբար օգտագործվում են պարզ զբոսանավակներ։ Դրանց նստատեղն անշարժ է, թիերն էլ ամրացված են թիակալներով։ Այդպիսի նավակներով մարզական թիավարությունը կոչվում է ժողովրդական։ Ռուսաստանում այն հայտնի է վաղուց։ Դեռևս Պետրոս Առաջինը, ստեղծելով ռուսական ծովային նավատորմը, սպաների ու նավաստիների համար սահմանեց թիավարության ուսուցում։
Երկար գլանակների նմանվող ամենաարագասահ ու ամենաթեթև մակույկներով՝ սկիֆներով, կազմակերպվող մրցարշավն անվանում են ակադեմիական թիավարություն։ Այս մարզաձևի մրցումներն անց են կացվում անցյալ դարի 20-ական թվականներից սկսած։ Սկիֆներն ավելի արագընթաց դարձնելու նպատակով դրանք շարունակ կատարելագործում էին։ Նախ, քանի որ այդ մակույկները շատ նեղ էին, թիակալները պատրաստեցին կողերի դրսի մակերևույթներին։ Ապա շարժական դարձրին նստատեղը, որը հատուկ ռելսերով ետ ու առաջ է տեղաշարժվում։ Այժմ սկիֆները կարող են սլանալ ժամում 20 կմ արագությամբ, երբեմն՝ է՛լ ավելի արագ։ Ակադեմիական մակույկները կարելի է թիավարել մենակ, երկուսով, չորսով և, նույնիսկ, ութ հոգով:
Թիավարության մարզաձևը Սովետական Միությունում շատ տարածված է։ Գետերում ու լճերում երեխաները հաճույքով զբաղվում են թիավարությամբ։ Իսկ մեր մարզիկները թիավարության միջազգային մրցումներում պարբերաբար գրավում են մրցանակային տեղեր:
Թիթեռներ
Ահա ծաղկին իջավ խայտաբղետ եղնջաթիթեռը։ Բնականաբար, դուք անմիջապես աշխատում եք աննկատ մոտենալ ու ափով ծածկել նրան։ Եվ եթե դա հաջողվում է, բռնում եք նրա թևերից, մատով հպվում բեղիկներին, գալարուն կնճիթին, հետո դեն եք նետում՝ ինչների՞դ է պետք։ Բայց թիթեռն այլևս չի կարող թռչել, մի տեսակ շեղակի նա ցած է ճախրում և հաջորդ պահին արդեն անօգնական ջղաձգվում գետնին։ Նրա թավշե վառ թևիկները պատառոտված են, նախշերը՝ եղծված, երևում է փայլարի նման թափանցիկ թևի հիմքը... Թիթեռը մահվան է դատապարտված։
Շատ ավելի հետաքրքիր է, երբ թիթեռներին դիտում ես առանց նրանց վնասելու։ Չէ՞ որ նրանք «լրիվ կերպարանափոխությամբ» զարգացող միջատներ են։ Օրինակ, խավարասերի կամ ծղրիդի ձվից անմիջապես դուրս է գալիս փոքրիկ խավարասեր կամ ծղրիդ։ Մինչդեռ այն թրթուրը, որից թիթեռ է ստացվելու, ամենևին նման չէ թիթեռի։ Հավատալն անգամ դժվար է, որ նման մի «որդից» մետաքսե թևերով գեղեցկուհի է «ծնվելու»։
Դուք ինքներդ հեշտությամբ կարող եք թիթեռ բազմացնել։ Հավաքեք թրթուրներ, բայց չմոռանաք վերցնել նաև այն բույսի տերևներից, որի վրա գտել եք նրանց, որովհետև քմահաճ թրթուրներն ուրիշ տերևներ չեն ուտում և մահանում են։ Թրթուրներն ու տերևները տեղավորեք որևէ անոթի կամ տուփի մեջ և, որպեսզի նրանց օդից չզրկեք, անոթի բերանին թանձիֆ կապեք կամ տուփի կափարիչին փոքրիկ անցքեր բացեք։ Պետք է հետևել, անշուշտ, որ տերևները