Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/98

Այս էջը հաստատված է

Մարկ Տվենի այդ երկու վիպակները լույս են տեսել նաև հայերեն, դուք կարող եք գրադարանից վերցնել ու կարդալ դրանք։

Թորամանյան Թորոս Հարությունի

1864-1934

Մոտ 80 տարի առաջ Էջմիածին քաղաքից ոչ հեռու գտնվող Զվարթնոցի հռչակավոր տաճարի ավերակների մոտ մի խումբ մարդիկ տաք-տաք վիճում էին տաճարի վերակազմության նախագծի շուրջ, որ առաջարկել էր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։

Դուք արդեն գիտեք, որ Զվարթնոցի տաճարը 10-րդ դարի վերջերին կործանված էր, և նրա ավերակները մինչև 20-րդ դարի սկիզբը թաղված էին հողի հաստ շերտի տակ։ Ոչ ոք չգիտեր, թե այն ինչպիսին է եղել։ Երկարատև պեղումներից հետո, հենվելով հուշարձանի մնացորդների ուսումնասիրության փաստական տվյալների վրա, Թորամանյանը տաճարի սկզբնական տեսքը պատկերեց իբրև մի եռահարկ, կլոր, աստիճանաձև շինություն՝ արտաքին շքեղ հարդարանքով։ Չնայած վերակազմության հիմնավորվածությանը, այն առաջ բերեց միայն տարակուսանք ու թերահավատություն, իսկ նրա հեղինակը քննադատվեց։

Զվարթնոցի վերակազմության նախագծի վերաբերյալ տարակուսանքները փարատվեցին միայն այն բանից հետո, երբ հայ մշակույթի մեծ երախտավոր, անվանի գիտնական Նիկողայոս Մառի ջանքերով 1906 թ. Անիում, Զվարթնոցի նմանօրինակ հանդիսացող Գրիգոր Լուսավորիչ (Գագկաշեն) տաճարի պեղումների ժամանակ, գտնվեց Գագիկ թագավորի արձանը՝ ձեռքին տաճարի մանրակերտը։ Այն ուներ նույն տարածական հորինվածքը, ինչ որ Զվարթնոցի տաճարը վերակազմության նախագծում։

Այդ ժամանակ Թորամանյանն արդեն տեսական և գործնական լավ դպրոց էր անցել։ Ծննդավայրի՝ Շապին-Գարահիսարի (Թուրքիայի տարածքում), հայկական դպրոցում սովորելուց հետո նա ճարտարապետական բարձրագույն կրթություն էր ստացել Կոստանդնուպոլսի գեղարվեստից վարժարանի ճարտարապետության բաժնում։ 1893 թ. ավարտելով վարժարանը՝ զբաղվել էր նախագծման աշխատանքներով սկզբում Կոստանդնուպոլսում, ապա՝ Բուլղարիայում և Ռումինիայում, մասնագիտության մեջ խորացել էր Փարիզում, եղել էր Հռոմում, Հունաստանում, Եգիպտոսում։

Կյանքի շուրջ 30 տարիները նվիրաբերելով իր փայփայած գործին՝ նա փլատակների ու մոռացումի փոշիների տակից հանեց և վերակենդանացրեց ոչ միայն Զվարթնոցի տաճարը, այլև միջնադարյան բազմաթիվ հուշարձաններ՝ եկեղեցիներ, պալատական շենքեր, հյուրատներ, բնակելի տներ, կարավանատներ, կամուրջներ, որոնցից շատերի մասին մենք իմացել ենք միայն նրա ուսումնասիրությունների շնորհիվ։

Թորամանյանի գործունեությունը հատկապես արգասաբեր եղավ 1905—1909 թվականներին, երբ Մառի գլխավորած հնագիտական արշավախմբի կազմում մասնակցում էր Անի քաղաքի պեղումներին։