Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/101

Այս էջը հաստատված է

կազմավորվել է միասնական հայ ժողովուրդը, կերտել են յուրօրինակ մշակույթ և բարձր քաղաքակրթություն։ Նրանք կառուցել են բազմաթիվ բերդեր, պալատներ, տաճարներ, բնակելի տներ, ջրանցքներ, արհեստական լճեր, որոնց ավերակներն այսօր մենք տեսնում ենք Հայաստանի տարբեր շրջաններում։

Պետության տնտեսական և մշակութային կարևոր կենտրոններ էին մայրաքաղաք Տուշպան (Վանը), Էրեբունի բերդաքաղաքը (որից և ծնունդ է առել մեր հանրապետության մայրաքաղաք Երևանը), Կարմիր բլուր հնավայրում պեղված Թեյշեբաինի ամրոցը և այլն։

Հնագետների ջանքերով բացված հուշարձանները վկայում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների շինարարական բարձր արվեստի և զարգացած տեխնիկայի մասին։ Պալատների ու տաճարների պատերը զարդարվել են բազմագույն որմնանկարներով, հատկապես մարդակերպ աստվածների, քրմերի, սրբազան կենդանիների ու բույսերի պատկերներով։

Բացառիկ արժեք է ներկայացնում թագավորության գլխավոր սրբարանը՝ Արդինի-Մուսասիրի սյունազարդ տաճարը։ Քանդակագործության գլուխգործոցներ են աստվածների ու աստվածուհիների անդրիները, մարդկային դեմքով թևավոր առյուծի արձանը, գահույքները և այլն։ Արվեստի հոյակապ նմուշներ են բրոնզե կապարճները, սաղավարտները, վահանները, որոնց վրա դրվագված են ռազմի տեսարաններ, մարտակառքեր, հեծյալ ռազմիկներ, առյուծներ, ցուլեր, վիշապներ, սրբազան ծառեր։ Զանազան հնավայրերից պեղված հնագիտական հուշարձաններից տեղեկանում ենք, որ դեռևս այն ժամանակ մեր նախնիները մշակել են քար ու փայտ, բրոնզ, երկաթ, ոսկոր, ազնիվ մետաղներ և այլ նյութեր, պատրաստել ժամանակի մարդուն անհրաժեշտ բազմազան իրեր։

Արարատյան թագավորության (Ուրարտուի) տնտեսական, քաղաքական և հոգևոր ու նյութական մշակույթի ավանդույթները շարունակվեցին ու զարգացան հայոց հետագա պատմության ընթացքում։