Հին հույներ
Դուք բոլորդ լսել եք, անշուշտ, «ատոմ», «ավտոմատ», «օլիմպիական խաղեր», «մարաթոնյան վազք», «ակրոբատ» արտահայտություններն ու բառերը։
Այս և շատ ուրիշ բառեր մեզ են հասել հին հույներից՝ ժողովուրդ, որը մեր թվականությունից առաջ 2—1-ին հազարամյակներում բնակեցրել է Բալկանյան թերակղզու հարավը։
Սկզբում հին հույները փոքր տարածք էին զբաղեցնում։ Սակայն, լինելով խիզախ նավաստիներ և, առհասարակ, անվեհեր մարդիկ, նրանք հետզհետե տարածվեցին Միջերկրական ծովի ափերին ու հիմնեցին բազմաթիվ գաղութներ։
Հունական գաղութներ ստեղծվեցին նաև Սև ծովի ափերին: Ներկայիս Սևաստոպոլ քաղաքի մոտ հիմնվեց հին հունական Խերսոնես քաղաք-պետությունը, այժմյան Կերչի տեղում՝ Պանտիկապեոն քաղաքը: Սևծովյան նավահանգիստ Թեոդոսիան նույնպես հիմնել են հին հույն ծովագնացները։
Հունաստանը լեռնոտ ու քարքարոտ երկիր է, հողը՝ դժվարամշակ։ Բայց հին հույները աշխատասեր ու եռանդուն երկրագործներ էին։ Բոլոր հարստությունները, սակայն, ստեղծում էին, գլխավորապես ստրուկները, որոնք ապրում էին ծանր պայմաններում և օրնիբուն բանում էին։ Նրանք աշխատում էին հանքերում, դաշտերում, արհեստանոցներում, որտեղ պատրաստում էին սրեր, նիզակներ, վահաններ, հագուստ, ամաններ և այլ իրեր։
Հին Հունաստանում միասնական մեծ պետություն չկար։ Այն մասնատված էր բազմաթիվ մանր քաղաք-պետությունների՝ պոլիսների, որոնցից ամենախոշորը Աթենքն ու Սպարտան էին։ Աթենքում պետական բոլոր գործերը վարում էին ամեն տարի ընտրվող խորհուրդը և ազատ քաղաքացիները, որոնք հավաքվում էին ժողովրդական ժողովի։ Հին հույներն ամենից շատ գնահատում էին իրենց քաղաքի և պետության ազատությունն ու անկախությունը։
Հին հույները ժամանակի ամենաքաղաքակիրթ ժողովուրդներից էին։ Հին հունական «Իլիական» և «Ոդիսական» հրաշալի պոեմները, որոնք, ըստ ավանդության, ստեղծել է բանաստեղծ Հոմերոսը, համաշխարհային գրականության գլուխգործոցներից են։ Մինչև օրս էլ ամբողջ աշխարհում կարդում են հին հունական լեգենդներն ու առասպելները։
Հույները գեղեցիկ շենքեր, տաճարներ էին կառուցում իրենց աստվածների պատվին։ Շատ գեղեցիկ է եղել Աթենաս աստվածուհու պատվին։ Աթենքի Ակրոպոլիսում կանգնեցված է Պարթենոնի տաճարը։ Հունական ամեն քաղաքում անպայման թատրոն կար: Արիստոֆանեսի կատակերգությունները, Էսքիլեսի, Սոֆոկլեսի ու Եվրիպիդեսի ողբերգություններն այժմ էլ բեմադրվում են աշխարհի շատ թատրոններում։
Հին հույներն առանձնակի վարպետության էին հասել քանդակագործության մեջ։ Նրանք բրոնզից կամ մարմարից կերտում էին աստվածների արձաններ։ Աստվածներին պատկերում էին գեղեցիկ,