Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/122

Այս էջը հաստատված է

իշխանություն հռչակվեց Հայաստանում:

1917 թ. հոկտեմբերի 25-ը (նոյեմբերի 7-ը) պատմության մեջ մտել է որպես Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի օրը:

Կարդացեք հետևյալ գրքերը՝

Алексеев С. П. Октябрь шагает по стране, М., «Дет. лит.», 1970.

Савельев Л. С. Часы и карта Октября, Л., «Дет. лит.», 1969.


Հողափոր մեքենաներ

Գլխավոր հողափոր մեքենան էքսկավատորն է: Կան ուղղակի տրակտորին ամրակցված փոքր էքսկավատորներ, որոնք սովորական փոսեր ու առուներ են փորում: Կան հսկա, եռահարկ շենքի բարձրության էքսկավատորներ: Սրանց սլաքը հաստ, 100 մ երկարությամբ երկաթե խողովակ է, որից կախված է շերեփը: Այդպիսի սլաքն անհրաժեշտ է, որպեսզի հողը բեռնատարներով չտեղափոխեն. հողը մի կողմ է տանում էքսկավատորն իր շերեփով: Շերեփն այնքան մեծ է, որ նրա մեջ մի ավտոմոբիլ կտեղավորվի: Դա քայլող էքսկավատոր է: Ահա նա առաջ է հրում իր երկու ահագին դահուկները, հենվում դրանց, փոքր-ինչ կտրվում գետնից և մոտ երկու մետր առաջ շարժվում: Ապա նորից է դահուկներն առաջ շարժում ու նոր քայլ անում:

Էքսկավատորները տարբեր կերպ էլ փորում են: Դրանց մի մասի շերեփն ամրացված է երկաթե հեծանի, ինչպես բահի թին բռնակին: Այդ էքսկավատորները հենց այդպես էլ անվանում են՝ բահ-էքսկավատորներ: Մյուսների շերեփը կախված է պողպատե ճոպաններից: Սրանց շերեփն իջեցնում են գետնին և ճոպանով ձգում այնպես, որ հողը լցվի շերեփի մեջ: Այդ էքսկավատորներն անվանում են դրագլայններ: Նույն կառուցվածքն ունեն և քայլող էքսկավատորները:

Կան նաև բազմաշերեփ ռոտորավոր էքսկավատորներ, որոնց շերեփներն ամրացված են մի հսկա անվի: Անիվը պտրտվում է, իսկ շերեփները հերթով վերցնում են հողը և լցնում փոխակրիչի երկար ժապավենի վրա, որն անընդհատ մի կողմ է տանում հողը:

Խոշոր կառույցներում օգտագործվում են նաև այլ մեքենաներ: Հսկա շերեփը կցում են տրակտորին ու քաշում: Երբ շերեփը լցվում է հողով, այն մի փոքր բարձրացնում են, և տրակտորը կցանքի նման շերեփը փոխադրում է անհրաժեշտ վայրը: Այդպիսի մեքենան անվանում են սկրեպեր՝ կեռաշերեփ:

Ջրանցքների ու հիդրոէլեկտրակաւանների շինարարության մեջ, երբ հարկավոր է խորացնել ջրանցքի հատակը կամ ամբարտակ կառուցել, հաճախ աշխատում են հողածուծ կոչվող մեքենաներ: Արկը, խոշոր բեռնանավի նման, լողում է ջրի մակերևույթին, իսկ նրա սլաքը, որ շատ նման է վերամբարձ կռունկի սլաքին, իջեցված է ջրի հատակը: Սլաքի ծայրին, ատամները հողի մեջ խրած, պտտվում է փխրեցուցիչը: Գոյացող ցեխը պոմպը խողովակներով մղում է 3-4 կմ: Դա շատ հարմար է. հողածուծ արկը շարժվում է առաջ, իսկ նրա ետևից գետ է առաջանում: Փորված հողն էլ իզուր չի կորչում. ավելորդ ջուրը հոսում է ետ դեպի գետը, իսկ կուտակված հողից անհրաժեշտ տեղում ամբարտակ է գոյանում:

Հոմերոս

Եվ շոյում է ունկս ահա
Մնջած հունչը աստվածաբույր հելլենական բառի,
Եվ հանճարամիտ ծերունու ուրուն է
Քեզ հիմա խռովում, իմ հոգի:
Ա. Ս. Պուշկին

Լեգենդները պատմում են, որ հազարամյակներ առաջ Հելլադայի (այն ժամանակ այդպես էր կոչվում Հունաստանը) քաղաքներով ու գյուղերով թափառում էր կույր ասացող Հոմերոսը: Նա լսում ու հիշողության մեջ էր պահում ժողովրդական ավանդությունները, ճակատամարտերի, նետաձգության մրցությունների պատմությունները, կիսաստված-կիսամարդ հերոսների քաջագործությունների մասին պատմող առասպելները: Հետագայում դրանց հիման վրա նա ստեղծեց «Իլիական» և «Ոդիսական» պոեմները:

Մարդաշատ հրապարակներում ու շուկաներում, հմայված ունկնդիրներով շրջապատված, հնչեցնելով կիֆարայի լարերը, Հոմերոսը երգելու պես ծոր տալով արտասանում էր իր պոեմները: Եվ ունկընդիրների