առջև վերակենդանանում էին Իլիոնի (այդպես էին անվանում Տրոյա քաղաքը) և իրենց սևակող նավերով տրոյացիներին հնազանդեցնելու եկած աքայացիների՝ հույների, տասնամյա արյունահեղ պատերազմի հերոսական պատկերները
Խորամանկ մարդ էր հույների արքա Ոդիսևսը: Այդ նրա խորհրդով էր, որ հույները Տրոյայի պարիսպների տակ կանգնեցրին փայտե հսկայական մի ձի: Տրոյացիները, անտեսելով քուրմ Լաոկոոնի նախազգուշացումը, փայտե ձին տարան քաղաք: Իսկ գիշերը ձիուց դուրս եկավ Ոդիսևսն իր զինվորներով և բացեց քաղաքի դարպասները: Այդպես խորամանկությամբ հույները հաղթեցին տրոյացիներին:
Եգեյան ծովի ալիքների նման սահուն հոսում էր հոմերոսյան երգը: Պոետի ժամանակակիցները հավատացած էին, որ նրա երգից ապառաժները կյանք են առնում, սանձահարվում են վայրի գազանները, և աստվածներն են, որ նախանձից դրդված կուրացրել են նրան:
Այնքան մեծ էր Հոմերոսի փառքը, որ հունական յոթ քաղաքներ վիճում էին նրա ծննդավայրը կոչվելու պատվին արժանանալու համար:
Դուք ինքներդ կկարդաք այդ պոեմները, և նրանք ձեզ կտանեն իմաստուն ու անվեհեր, պարզասիրտ ու կենսուրախ հերոսների աշխարհը: Հոմերոսը ձեզ կծանոթացնի հին հույների զվարճասեր աստվածների հետ, դուք կիմանաք, թե որտեղից են ծագել «տրոյական ձի», «Սցիլլա և Քարիբդա», «օլիմպիացի» և այլ արտահայտություններ ու բառեր:
Հոմերոսը ձեր առջև կբացի հին հույների արտասովոր աշխարհը, ժողովուրդ, որի համար ամեն ինչից վեր էր հավատարմությունը հայրենիքի, ընտանիքի ու ընկերոջ հանդեպ:
Հայ իրականության մեջ Հոմերոսի պոեմները հայտնի են եղել վաղուց: 18-րդ դարից սկսած այդ պոեմները մի քանի անգամ թարգմանվել են հայերեն, որոնցից ամենաամբողջականն են 1955 թ. հրատարակված «Իլիականը» և 1957 թ. հրատարակված «Ոդիսականը»:
Հովազ և ընձառյուծ
Ոմանք կարծում են, թե հովազն ու ընձառյուծը տարբեր կենդանիներ են, որովհետև հովազը սև է, իսկ ընձառյուծը՝ բծավոր: Իրականում նրանք երկուսն էլ կատվազգիների ընտանիքին պատկանող նույն գազանն են, միայն թե տարբեր գույն ունեն:
Հովազն ու ընձառյուծը ճկուն, ուժեղ մարմնով, կլորավուն գլխով, երկար պոչով ու բարեկազմ ոտքերով արտակարգ գեղեցիկ կատուներ են: Շատ տարածված են Աֆրիկայում և Ասիայի հարավային կեսում: